ՄԱՇ-ի ակտիվիստները շարունակում են բուժում ստանալ Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում, ինչպես տեղեկացնում է Աշոտ Ռաիսյանը: Հոկտեմբերի 30-ի միջադեպից տուժած Աբրահամ Աբրահամյանի վիճակն այնքան էլ լավ չէ:
Jnews-ի հետ հեռախոսազրույցում Միասնական ընդդիմության «Ուժը միասնության մեջ է» շտաբի պետ Աշոտ Ռաիսյանը, ով նույնպես հիվանդանոցում է գտնվում ասաց.
«Այո, մենք հիվանդանոցում ենք, բայց մեկ այլ հիվանդանոցում, որովհետև մեզ զոռով հանեցին այնտեղից: Չեմ ուզում մեր գտնվելու վայրն ասել: Մեր առողջական վիճակն այնքան էլ լավ չէ: Իմ տաքության դեմ սրսկումներ են անում, կատե են արել, ինձ ասացին, որ գլխուղեղի ցնցումը դեռ չի անցել, բացարձակ հանգստություն է պետք: Ճիշտն ասած Աբրահամյան Աբրահամի վիճակը շատ բարդ է, նրա դեմքն էլի ուռել է, արյուն է հավաքվում այտի տակ, այս պրոցեսը չեն կարողանում կարգավորել բժիշկները, այսինքն արյունը հավաքվում է և ամեն անգամ ասեղով քաշում են: Ուրիշ կլինիկա ենք ուղարկել թղթերը, ասացին որ պետք չէ հավաքված արյունն ասեղով քաշել և պետք է դեղերով բուժել: Աբրահամի այտն ուռած է, բերանի ապարատը ծռված է, նորմալ չի կարողանում խոսել: Իսկ Միշայի աջ աչքին գեմատոմա էր առաջացել, տեսողությունն է վատացել»:
Հոկտեմբերի 30-ին, Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպից հետո 4 տուժածները մինչև նոյեմբերի 5-ը շարունակում էին բուժում ստանալ Թբիլիսիի վնասվածքաբանության հիվանդանոցում: Նրանց բուժող բժիշկը՝ Բուբա Շալամբերիձեն ասում է, որ հիվանդների վիճակը նորմալ էր դուրս գրելու ժամանակ:
«Իրենք դուրս գրման ենթակա հիվանդ էին: Վիճակները նորմալ էր, կայուն: Իսկ թե որտեղ են հիմա իրենք բուժումը շարունակում ես չգիտեմ, դա իրենց իրավունքն է», – ասաց Բուբա Շալամբերիձեն:
Հոկտեմբերի 30-ին ՄԱՇ-ի ակտիվիստների ու «Վրացական երազանքի» խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների և կողմնակիցների միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել: ՄԱՇ-ի 4 ակտիվիստ հոսպիտալացվել էին: Այս փաստով քրեական գործ էր հարուցվել: Մկոյանները բացատրում էին, որ ծեծկռտուքը տեղի էր ունեցել նախօրեին ՄԱՇ-ի ակտիվիստների կողմից կատարված սադրանքների պատճառով: