Ախալքալաքում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած բախման փաստով մեղադրանք է առաջադրվել հինգ անձի, այդ թվում պատգամավոր Հենզել Մկոյանի որդուն, եղբորը և եղբորորդուն: Եղբայրը՝ Մարտուն Մկոյանը համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքին:
Մեղադրանքը առաջադրվել է նոյեմբերի 2-ին 4 օր նախաքննություն անցկացնելուց հետո:
«Ես համաձայն չեմ: Հակառակը գողացել են իմ դրամապանակը: Առաջինն իրենք են խփել, հետո էլ մեր ակտիվիստները: Իրենք մեղադրում են, որ ես ձեռքով խփել եմ, բայց ես ձեզ մի բան կասեմ: Ինձ չի կարելի, որ արյուն գա, որովհետև արյունս ջրի է և ուշ է կտրվում, 6 ժամ է տևում մինչև կտրվում է: Ես կռիվ չէի անի: Ես գնացել էի այնտեղ, որ հանգստացնեմ, չթողնեմ, բայց մարդը դեմս ելավ ու ասաց, որ իր խոսքերը հետ չի վերցնում և այդպես սկսվեց ամեն ինչ», – Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալ Մարտուն Մկոյանը:
Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի որդուն, եղբորը, եղբորորդուն և ևս «Վրացական երազանքի» երկու ակտիվիստի մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով, որը նշանակում է «Ծեծ, կամ այլ բռնություն, որը ցավ է պատճառել», սակայն առողջությունը չի վնասել:
Հետաքննությունը պարզել է, որ հոկտեմբերի 30-ին Ախալքալաքի Թամար Թագուհու փողոցում գտնվող քաղաքական կուսակցության «Ազգային շարժման» շտաբի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ էլ ֆիզիկական վնասվածքներ են ստացել «Ազգային շարժման» ներկայացուցիչները։
Միջադեպի կապակցությամբ, իրավապահ մարմինները վարել են ինտենսիվ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, հարցաքննվել են միջադեպին մասնակից բոլոր անձիք, վկաները և բոլոր այն մարդիկ, ովքեր հետաքրքիր տեղեկությունների են տիրապետել հետաքննությանը օգնել են:
Վկաների հարցաքննությունից պարզ է դարձել, որ բախման պատճառ է հանդիսացել «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների կողմից մի քանի բենզալցակայաններում նախընտրական պաստառներ պոկելը և աշխատակիցներին բառացիորեն վիրավորելը:
Հետաքննությունը սկզբնական շրջանում Վարստանի քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով էր սկսվել, որն էլ հետագայում վերաորակավորվեց և շարունակվեց 126-րդ հոդվածի առաջին մասով։ Այդ հոդվածով որպես պատիժ կիրառվում է. տուգանք, կամ հասարակության համար հանրօգուտ աշխատանքներ 120-ից 180 ժամ, կամ տնային կալանք 6 ամսից 1 տարի տևողությամբ, կամ էլ մինչև մեկ տարի ազատազրկում: