Այսօր, նոյեմբերի 1-ին «Վրացական երազանք»-ում հետընտրական ռազմավարությունն են մշակել։ Անդրադարձ է եղել նաև Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպին, ինչը որակել են սադրանք:
«Վրացական երազանքի» հանդիպմանը ներկա են գտնվել Բիձինա Իվանիշվիլին, Կախա Կալաձեն, Մամուկա Բախտաձեն և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Կուսակցության ակտիվն ամփոփել է ընտրությունների առաջին փուլը։ Քննարկվել է մի շարք հարցեր, ինչպիսիք են օրինակ. որտեղ է գրանցվել բարձր և ցածր արդյունք, և ինչու՞։ Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին բարձր արդյունք ցուցաբերած շրջաններից են Ախալքալաքն ու Նինոծմինդան: Այս շրջանների արդյունքներով անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հենց առաջին տեղն է զբաղեցրել։ Քննարկել են նաև խնդրահարույց ընտրատեղամասերը, որոնց թվում է եղել նաև Ախալքալաքը։
Բիձինա Իվանիշվիլիի, Կախա Կալաձեի, Մամուկա Բախտաձեի և Իրակլի Կոբախիձեի կարծիքով, ինչպես նաև կուսակցության այլ անդամների, հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում տեղի ունեցածը սադրանք էր և միանշանակ կազմակերպած էր «Ազգային շարժման» կողմից: Նրանք դիմում են, խնդրում և պարտադրում բոլոր իրավապահ մարմիններին, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետներում քննեն գործը:
Հանդիպմանը «Վրացական երազանքն» իր աջակցությունն է հայտնել մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանին: