Նինոծմինդայի ենթակայանի մոտ, հոկտեմբերի 20-ին՝ իր պարտականությունների կատարման ընթացքում «Energo Pro Georgia» ընկերության աշխատակցի մահվան առնչությամբ, Վրաստանի ՆԳՆ-ն հարուցել է քրեական գործ՝ «Էլեկտրական էներգիայի, ջերմաէներգիայի, նավթի, գազի և նավթամթերքների օբյեկտներում անվտանգության կանոնների խախտում» հոդվածով:
Գանձա գյուղում, բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի մոտ իր պարտականությունների կատարման ժամանակ հոսանքահարվել և մահացել է «Energo Pro Georgia» էներգոբաշխիչ ընկերության աշխատակիցը՝ Սեյրան Մարգարյանը: Նա գանձացի էր:
Մահացածը Նինոծմինդայի էլեկտրաենթակայանի պատասխանատուն էր: Ընկերությունից հայտարարել էին, որ նա իրենց փորձառու աշխատողն էր՝ աշխատանքային մեծ փորձով, սակայն, նախնական տվյալների համաձայն՝ անվտանգության կանոնների խախտում է տեղի ունեցել:
Վրաստանի ՆԳՆ-ն հարուցել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 240-րդ պրիմ հոդվածի 2-րդ մասով, ինչը ենթադրում է՝ «Էլեկտրական էներգիայի, ջերմաէներգիայի, նավթի, գազի և նավթամթերքների օբյեկտներում անվտանգության կանոնների խախտում, ինչը հանգեցրել է մարդու մահվան»:
«Energo Pro Georgia» ընկերությունից հայտնում են, որ նրանք ունեն մի շարք ընթացակարգեր` աշխատողների անվտանգությունն ապահովելու համար:
«Մենք ունենք անվտանգության աշխատողներ տեղում, մի ամբողջ բաժանմունք ունենք: Անցկացվում են ինչպես գործնական, այնպես էլ տեսական դասընթացներ՝ թեստեր, քննություններ: Աշխատում են կայաններում և ենթակայաններում, ինչպես նաև այլ աշխատակիցների: Ինչն էր մեր աշխատողի մահվան պատճառը՝ դեռ պետք է պարզենք», – ասում է Ավթո Դվալիշվիլին՝ «Energo Pro Georgia»-ի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավարը:
Սեյրան Մարգարյանը 67 տարեկան էր, ունի 2 որդի և մեկ դուստր: