Ախալքալաքի հասարակական առողջապահության կենտրոնն արդեն ստացել է գրիպի դեմ պատվաստանյութ և կարող է անվճար պատվաստել հղի կանանց, շաքարային դիաբետով հիվանդ մինչեւ 18 տարեկան երեխաներին, դիալիզ ստացող մարդկանց և բուժաշխատողներին: Սակայն, այստեղ մարդիկ չեն ցանկանում պատվաստվել, հույս ունենալով, որ չեն հիվանդանա գրիպով:

    Համաճարակաբան Գայանե Ֆիդանյանի խոսքով, շատերը հրաժարվում են պատվաստումից:
    «Հղի կանայք նույնպես հրաժարվում են, բայց չէ որ հենց նրանց է հարկավոր այս պատվաստումը, իսկ նրանք հրաժարվում են: Մենք ունենք 7 շաքարային դիաբետով հիվանդ երեխա, որոնցից երկուսը միշտ հրաժարվում են պատվաստումից», – ասում է Գայանե Ֆիդանյանը:

    Ներկայումս մունիցիպալիտետում կան 500 հղի կին, 7 շաքարային դիաբետով հիվանդ երեխա և շուրջ 170 բուժաշխատող: Անվճար պատվաստումների ծրագրին չհամապատասխանող մարդիկ կարող են պատվաստանյութը գնել դեղատներից և հիվանդանոցում նրանց կպատվաստեն: Համաշխարհային առողջապահության կազմակերպության կողմից գրիպի դեմ խորհուրդ տրված հոլանդական «Ինֆլյուվակ» պատվաստանյութն արդեն Վրաստանում է, դրա արժեքը կազմում է մոտ 30 լարի:

    Յուրաքանչյուր սեզոն ունի իր պատվաստանյութը, բժիշկները մշակում են հենց տվյալ սեզոնի պատվաստանյութը:
    «Բժիշկներն ահռելի աշխատանք են կատարում պատվաստանյութ ստեղծելու համար, քանի որ բնության մեջ կան բազում վիրուսներ: Մեկ սեզոնի համար մշակած պատվաստանյութն այլևս պիտանի չէ հաջորդ սեզոնի համար», – բացատրում է Գայանե Ֆիդանյանը:

    Ըստ բժիշկների, պատվաստումից 2 շաբաթ անց այն սկսում է գործել, իսկ 3 շաբաթ անց մարդու մոտ առաջանում է կայուն իմունիտետ: Իմունիտետը մարդկանց մոտ գործում է 6 ամիս:

    Մասնագետները խորհուրդ են տալիս գրիպի դեմ պատվաստվել հենց հոկտեմբեր ամսվա ընթացքում, ինչը տարվա ամենացուրտ ժամանակահատվածում նվազեցնում է հիվանդության ռիսկը 50-60% -ով:

    Ախալքալաքի մունիցիպալիտետում գրիպի դեպքեր արդեն եղել են, բայց բարդություններ չի գրանցվել:

    Շուշան Շիրինյան