Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում համաճարակի ընթացքում կորոնավարակ հաստատվել է հինգ բժշկի և 14 բուժքրոջ մոտ: Շտապօգնության ծառայությունում իրավիճակն ավելի վատ է, այստեղ 22 աշխատակցից վարակվել է 19-ը, որոնցից չորսը՝ բժիշկ: Շտապօգնության բժիշկներից մեկը չի կարողացել հաղթահարել COVID-19-ը:

Թեև կարող է տարօրինակ թվալ, բայց Ախալքալաքում կորոնավիրուսով առաջինը հիվանդացան հենց բժիշկները: Ավելի ճիշտ, առաջինը հենց նրանց մոտ հաստատվեց:

Ռենտգենոլոգ Հակոբ Չախմախչյանը, ինչպես հիվանդանոցի մյուս աշխատկիցները ամեն 10 օրը մեկ կորոնավարակի թեստ էր հանձնում: Հերթական թեստի պատասխանն իսկական անակնկալ էր նրա համար: Ինչպես, բժիշկն ինքն է ասում՝ սկզբնական շրջանում կորոնավիրուսի ոչ մի ախտանիշ չի ունեցել: Վարակը հաստատվելուն պես Հակոբ Չախմախչյանն իր ընտանիքի անդամների հետ անմիջապես մեկուսանում է, և սկսում բուժումը:

«Իմացանք, որ կորոնավիրուսով ենք վարակված, որը արդեն պյուս է: Գնացինք տուն ու ինքնամեկուսացանք: Փառք Աստծո, լավ ենք տարել, թեթևի մեջ, ծանր չէր: Ջերմություն, համի, հոտի կորուստ ունեի, այսպես ասած դասական կովիդ էի, կարող եմ ասել, որ դասական կերպով էլ ապաքինվել եմ», – պատմում է բժիշկը:

Hakob
Հակոբ Չախմախչյան, բժիշկ-ռենտգենոլոգ

Հակոբը խոստովանում է, որ ամեն ժամ, ամեն օր սպասել է, որ իր վիճակը ծանրանալու է: Օր է եղել, որ ջերմաչափը ձեռքից վայր չի դրել, սպասելով, որ ջերմությունը կտրուկ բարձրանալու է:

«Կորոնավիրուսի իմ առաջին ռեակցիան շատ պարզ էր, ինչպես բոլորը, այնպես էլ ես, ամեն օր սպասում էի, որ վիճակս ծանրանալու է, բարդանալու է, բայց Աստված առաջ ես ու իմ ընտանիքը թեթև տարանք», – հիշում է վարակը հաղթահարած բժիշկը:

Հակոբը կարողացել է հիվանդությունը համատեղել աշխատանքի հետ: Ճիշտ է, հեշտ չի եղել, բայց կատարել է մասնագիտական պարտքը, օրական 20-ից 25 մարդու ախտորոշում է արել:

«Հիվանդության ընթացքում քանի, որ իմ մասնագիտությամբ ինձ իրավունք էր տրվում օնլայն աշխատելու, ես 14 օրվա ընթացքում գրեթե նույն գործն արել եմ ինչ-որ կաբինետում էի անում»,- ասում է նա և միաժամանակ շեշտում, որ նույնիսկ տնից աշխատանքն այնքան ծանրաբեռնված է եղել, որ չի էլ նկատել, թե ինչպես է առողջացել:

Օնլայն աշխատանքի մասին խոսելիս նշում է՝ բնականաբար, ավելի հեշտ է աշխատել այն ժամանակ, երբ անմիջական կոնտակտ ունես հենց պացիենտի հետ:

Եզրափակելով մեր զրույցը Հակոբ Չախմախչյանն առանձնացնում է, որ ամեն հիվանդություն անհատական ընթացք է ունենում կախված մարդու իմունային համակարգից: Եվ ըստ այդմ՝ կան մարդիկ, որ շատ բարդ են տանում կորոնավիրուսային հիվանդությունը, կան մարդիկ, ովքեր թեթև են տանում, կան նաև այնպիսիները, որ նույնիսկ չեն զգում, որ հիվանդացել են:

Hakob Chaxmaxchyan

Կորոնավարակը երկու շաբաթում և հաջողությամբ հաղթահարած բժիշկը խորհուրդ է տալիս չզբաղվել ինքնաբուժությամբ, և, որ ամենագլխավորն է ռեալ գնահատել վիճակը, պարտադիր խորհրդակցել բժիշկի հետ:

«Քանի որ այս հիվանդության բուժումն այսօրվա դրությամբ ոչ ոք չգիտի, այդ պատճառով վախ կա: Մենք չգիտենք նույնիսկ հիվանդությունը որտեղից է գալիս ու ուր է գնում, դրա համար մարդիկ պետք է պատասխանատու և զգույշ լինեն: Շատ դեպքերում մարդիկ գալիս են ուշացած, իրենք իրենց բուժում են արել և այլն: Ծայրահեղ վիճակում գալիս են բժշկի, հենց սկզբից է պետք դիմել, եթե մարդիկ հենց առաջին ախտանշանների դեպքում դիմեն, ապա հիվանդների 70%-ը կարող է հեշտությամբ հաղթահարել հիվանդությունը»,- հավելում է բժիշկը:

Ի տարբերություն Հակոբի, Արաքսյայի մոտ, ով նույնպես բժիշկ է, կորոնավարակը բարդ ընթացք է ունեցել:

«Սկիզբը միշտ ավելի թեթև է քան ընթացքը, ավելի բարդ է երկրորդ շաբաթը: Սկզբում մտածում ես, որ սովորական վիրուս է, բայց հետո ինչքան առաջ է գնում, այսպես ասած՝ կենացները քաղցրանում են»,- ասում է բժշկուհին:

Մեր հերոսուհու մոտ հիվանդության երկրորդ շաբաթում ջերմությանը զուգահեռ ի հայտ է եկել հազ և համի, հոտի կորուստ:

Araqsya
Արաքսյա Սրափյան, թերապևտ

«Եթե հևոց ես զգում, ջերմությունդ կտրուկ բարձրանում է այդ ժամանակ պետք է շտապ դիմել բժիշկի: Ես երևի միջին ծանրության եմ տարել, թոքաբորբ եղա և միայն երրորդ շաբաթից զգացի, որ ապաքինման եմ գնում», – հիշում է ընտանեկան բժիշկ, թերապևտ Արաքսյա Սրափյանը:

Բժիշկն ասում է, որ կորոնավարակը սարսափելի հիվանդություն է, և պետք է ամենայն լրությամբ վերաբերվել այս հիվանդությանը:

«Ժողովուրդը, որ ասում է, չի հավատում, որ սուտ է, բլեֆ է, վստահեցնում եմ կատակ բան չէ, կարող է բացարձակապես առողջ մարդը հիվանդանալ այնքան ծանր, որ անգամ չկարողանաս երևակայել: Պատկերացրեք, եթե առողջ մարդը կարող է այդպես հիվանդանալ, էլ չեմ ասում խրոնիկ հիվանդները: Ցավոք սրտի, հիմնականում ջահելությունը չի հավատում, քանի որ իրենց մոտ թեթև է ընթանում հիվանդությունը, քանի որ իրենց իմունիտետը բարձր է», – հավելում է Արաքսյան, ում ամուսինը նույնպես վարակվել և հիվանդանոցային բուժում է ստանում Թբիլիսիում:

Hakob ev Araqsya
Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց

Կորոնավիրուսային հիվանդությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր ընթացք է ունենում: Բժիշկ Հակոբ Չախմախչյանը կարողացել է երկու շաբաթից աշխատանքի վերադառնալ, իսկ բժիշկ Արաքսյա Սրափյանը երեք-չորս շաբաթից:

Բժշկուհի Ամալյայի մոտ հիվանդությունը ամենաբարդ ընթացքն է ունեցել, նա չկարողանալով հաղթահարել հիվանդութունը մահացել է: Ամալյան ամբողջ Վրաստանում առաջին բժիշկն էր, ով կովիդից մահացավ, այսօր արդեն նրանց թիվը մի քանի տասնյակի է հասել:

Տիկին Ամալյայի ամուսինը դժվարությամբ է խոսում, երկու ամիս է անցել կնոջ մահվանից, սակայն Լյովա Պարոնյանը չի կարողանում համակերպվել կորստի հետ:

Բժշկուհին դիաբետ է ունեցել, այդ պատճառով էլ այդքան բարդ ընթացք է ունեցել հիվանդությունը: Ամուսիները, երկուսն էլ վարակված են եղել, սակայն ամուսինը կարողացել է խնամել և հետևել կնոջը, բայց միևնույն է արդյունքն անդառնալի է եղել:

«Ես ինքս շատ հեշտ եմ տարել, ես տաքություն էլ չեմ ունեցել, բայց համ ու հոտ չէի զգում: Ես զբաղված էի Ամալյայով, սրսկում էի, դեղերն էի տալիս, չգիտեմ ինքը շատ դժվար տարավ, շունչն էր կտրվում, սկզբի 2-3 օրը տանն էր, դեղ էր խմում, վիտամիններ էր ընդունում, տղաս Մոսկվայում է, ինքը բժիշկ է, աշխատում է հենց կովիդ հիվանդների հետ: Ինքն էր ասում ինչ անենք, հետո տեսանք, որ բարդացավ վիճակը տեղափոխեցինք Թբիլիսի»,- պատմում է մահացած բժշկուհու ամուսինը:

Սկզբնական շրջանում բժշկուհին 37,3-ից մինչև 37,6 աստիճան տաքություն է ունեցել, ինչպես նաև շունչն է կտրվել, արդեն Թբիլիսիում տաքությունը բարձրացել է մինչև 39-ը աստիճան: Տղան Մոսկվայից եկել է և խնամել է, բայց…

Ամուսինն ընդգծում է, որ վարակի ի հայտ գալուց հետո, իրենք մշտապես պահպանել են անվտանգության բոլոր կանոնները, սակայն եկել է մի պահ, որ նույնիսկ չեն հասկացել, ինչպես են ապահով զգացել և վարակվել են:

«Ես գիտեմ թե վարակի տարածման պատճառը ծովափն էր, մարդիկ գնացին Բաթում, եկան մեզ խաբեցին ու այդպես տարածվեց: Հետաքրքիր է, որ վատ ժամանակ մենք չհիվանդացանք, հետո երևի բացիթող արեցինք և հիվանդացանք, բայց միայն Ամալյան մահացավ այդքանի մեջ»:

Նա տարօրինակ է համարում, որ առաջինը շտապ օգնության աշխատակիցները հիվանդացան, միաժամանակ սա բացատրում է այն հանգամանքով, որ մարդիկ թաքցրել են, որ հիվանդ են:

Լյովա Պարոնյանը նայում է սենյակի կենտրոնում դրված բժշկուհու նկարին, խորը շունչ է քաշում և բառեր չի գտնում արտահայտելու զգացածը: 38 տարվա համատեղ կյանքից հետո այսօր նա մենակ է: Հիշում է, որ բժշկուհին չէր ուզում Թբիլիսի գնալ:

«Բայց, որ ճանապարհեցինք, վիճակն այդքան էլ բարդ չէր: Ինքը շաքար ուներ, դրա համար այլ ձև էր իր մոտ կովիդը: Ինքը մնացած հիվանդություններն էլ էր դժվար տանում, նույնիսկ հասարակ սեզոնային գրիբը: 15 տարի է շաքար ուներ»:

Դողացող ձայնով Լյովա Պարոնյանը բոլորին սթափության կոչ է անում և խորհուրդ տալիս ամենայն պատասխանատվությամբ մոտենալ, նույնիսկ մեկ րոպե չմոռանալ այս սարսափելի հիվանդության մասին: Պարտադիր դիմակ կրեք, ախտահանիչ լուծույթներ օգտագործեք:

Կորոնավարակից մահվան առաջին դեպքը երկրում գրանցվել է ապրիլի 4-ին: Այդ օրվանից վարակից մահվան դեպքերը աճել են մինչև 2 353:

Փետրվարի վերջից մինչև օրս Վրաստանում լաբորատոր եղանակով կորոնավարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 220 508-ի: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 200 339: