Ասպինձայի շրջանի Խիզաբավրա գյուղի վերջնամասում, սարերի փեշին, գողտրիկ մի անկյունում երկու զառամյալ ծերունիներ 5 երեխա են մեծացնում: Նրանք կյանքի բարդությունները հաղթահարում են ժպտալով:
Առավոտյան 11-ն անց է, Գելաշվիլիների տան բակում աշխույժ իրարանցում է: Թեոնան, Սալիկոն ու Նաթիան տեսնելով մեքենան, ձայն են տալիս տատիկին, որ հյուրեր ունեն:
Քույր ու եղբայր Ալթունյանները երեք տարի առաջ կարդալով Jnews-ի հրապարակումն այս ընտանիքի մասին, որոշում են Ախալքալաք հասնելուն պես անպայման այցելել նրանց և օգնել: Աննա Ալթունյանը հազարավոր կիլոմետրեր կտրելով Ամերիկայից, իսկ երբայրը՝ Ուֆայից, Ախալքալաք հասնելուն պես շտապում են օգնել Գելաշվիլիներին:
Աննան պատմում է՝ կարդալով երեխաների մասին, մշտապես մտքով նրանց հետ է եղել: Դիմելով երեխաների տատիկին քաջալերում է՝ դուք հերոս եք, որ այս պայմաններում կարողանում եք 5 երեխա մեծացնել:
Փոքրիկները անակնկալի են գալիս Ալթունյանների այցելությունից: Աղջիկներն անկեղծ ժպիտները դեմքերին, անթարթ աչքերով նայում են գունավոր պայուսակներին, բայց չեն համարձակվում հյուրեի ներկայությամբ ձեռք տալ նվերներին:
Սալիկոն 13 տարեկան է, մեծ քրոջ ինքնավստահությամբ ըստ գույների քույրերին է բաժանում պայուսակները:
«Բարսելոնա» գրությամբ պայուսակը կողքի է դնում, դա եղբոր՝ Վասիկոյի համար է, նա «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի սիրահար է:
Արդեն 4 տարի է, դժվարին պայմաններում Գելաշվիլիները 5 տարբեր տարիքի երեխաների են խնամում: Տարեց ամուսնինները փորձում են երեխաների կյանքում լրացնել ծնողների բացը:
4 տարի առաջ երեխաների հայրը՝ Կախան հիվանդությունից մահանում է, որից հետո կինը՝ Լեյլան 5 մանկահասակ երեխաներին թողնելով տատիկ-պապիկի խնամքին, տնից հեռանում է: Գելաշվիլիները հետո են իմանում, որ իրենց հարսը ուրիշ տղամարդու հետ փախել է:
Երեխաները մոր մասին նախընտրում են լռել, փոխարենը 13-ամյա Սալիկոն նշում է՝ «Մեր մայրն ու հայրը, տատիկս ու պապիկս են»: Այս խոսքերից տատիկի աչքերը խոնավանում են, նա փորձում է աննկատ աչքերը սրբել:
Տատիկը պատմում է, թոռները տարբեր նախասիրություններ ունեն: Սալիկոն դհոլ է նվագում և երազում մասնակցել «Նիճերի» հաղորդմանը, սակայն սեփական դհոլը չունի: Իսկ Թեոնան ու Նաթիան երգել են սիրում:
Երեխաներից երկուսին՝ Վասիկոյին ու Լամարային մենք չկարողացանք տեսնել, նրանք գյուղամեջում ընկերների հետ էին խաղում:
Ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում: Գելաշվիլիները յուրաքնաչյուր երեխայի համար 100-ական լարի դրամական օգնություն են ստանում Սոցիալական ծառայությունից:
Թեոնան, Սալիկոն ու Նաթիան մեզ ճանապարհում են ակնկալիքով, որ մի օր նորից են տեսնելու և խոստանում մյուս հանդիպմանն անպայման անգլերեն խոսել Աննայի ու Էդգարի հետ:
Լուսանկարները՝ Էդգար Ալթունյանի
Աղունիկ Այվազյան