Ախալքալաքի Ռուբեն Տեր-Մինասյանի անվան №5 դպրոցում անցկացվեց ոգեկոչման միջոցառում, նվիրված Հայոց Ցեղասպանության:
Միջոցառումն սկսվեց լռւոթյան 60 վարկյաններով: Միլիոն ու կես անմեղ զոհերի համար արդեն մեկ դար է սգում է հայը: Ապրիլ ամսին աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայերը ոգեկոչման միջոցառումներ են անցկացնում: Ջավախքի դպրոցականները ևս տարբեր միջոցառումներով փորձում են բողոքի ձայնը բարձրացնել:
Երեխաների շուրթերից հնչում էին հայ դասականների այն ստեղծագործությունները, որոնցում կա թախիծ, կարոտ, բողոք, հույս ու վերածնունդ: Դպրոցականներն ամենայն պատասխանատվությամբ ու սրտի թրթիռով էին արտասանում յուրաքանչյուր բառ:
«Մարդկության պատմության մեջ մի հրեշավոր հանցագործություն է, որ կազմակերպվեց Օսմանյան Թուրքիայի երիտթուրքերի կողմից: Անցել է 100 տարի, թվում է երկար ժամանակ է, գուցե սպիացել են մեր վերքերը, ոչ, անցյալը աղմկում է մեր երակներում: Մեր արյան մեջ է այն մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի արյան կանչը, արդար պահանջը: Ջավախքցին համայն հայության հետ մեկտեղ արդար պահանջում է՝ ընդունեք: Եթե շարունակվեն այսպիսի ոճրագործությունները, որոնք այսօր աշխարհի տարբեր վայրերում իրականացվում են փոքր մասշտաբի, մենք կկորցնենք մեր հրաշք երկիր մոլորակը: Բոլորի սրտերը թող այսօր մի պահ հասկանան ու զգան: Աշխարհի առաջադեմ մարդկությանն ասում ենք՝ ոտքի կանգնեք, մտածեք բոլորդ, մեր ձեռքերում է երկիր մոլորակի ապագան»,- իր ելույթի խոսքում ասաց 5-րդ հայկական դպրոցի տնօրեն Էմմա Նահատակյանը:
Ռուբեն Տեր-Մինասյանի անվան հայկական դպրոցի միջոցառումն ավարտվեց Չարենցյան տողերով.
«Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում»։
Աղունիկ Այվազյան