Այսօրվա դրությամբ Ախալքալաքի Նալբանդյան փողոցից շուկա են տեղափոխվել երեք առևտրական, իսկ մյուսները դեռ մայթերին են։
Քաղաքապետարանի ներկայացուցիչները շարունակում են աշխատանքները Նալբանդյան փողոցը առևտրից ազատելու համար։ Հուլիսի 25-ին, երբ քաղաքապետարանի տրված վերջնաժամկետն էր, առևտրականների շուկայի տարածք տեղափոխվելու համար, նրանք երեք օր էին խնդրել, ապրանքը տեղավորելու համար: Այսօր, 2 օր անց, 4-5 տասնյակից ընդամենը երեք առևտրական է տեղափոխվել շուկա։
“Գնացի ռայկոմ (քաղաքապետարան), ասելու, որ չեմ ուզում շուկա գնալ, քանի որ այնտեղ ես հարմարություն եմ ստեղծել, կտուր ունեմ, ապրանքս կարողանում եմ միանգամից մեքենայից սեղանիս մոտ իջեցնել, սակայն ասացին, որ անպայման պետք է բոլորս էլ գնանք, այդ իսկ պատճառով էլ մտածեցի ժամանակին տեղափոխվել, սակայն եթե այստեղ պետք է կանգնենք, ուրեմն թող հարմարություն ստեղծեն”, – ասաց տեղափոխված առևտրականներից Լիաննա Դանիելյանը։
Առևտրականների բողոքը կայանում է նրանում, որ Նալբանդյան փողոցում արդեն երկար տարիներ է ինչ կանգնում են, նրանք այնտեղ իրենց համար հարմարություն են ստեղծել, իսկ շուկայի տարածքի մեծ մասը կտուր չունի։
“Այստեղ էլ որ կտուր անեն լավ կլինի, անձրև կգա, ձյուն կգա, ապրանքս ուր տանեմ, որ չթրջվի”, – հավելեց Լիաննա Դանիելյանը։
Նալբանդյանի սկզբնամասում, հենց փողոցի վրա կանգնած են դրսից եկած առևտրականները։
Փողոցային առևտրի դեմ Ախալքալաքի քաղաքապետարանի պայքարին և գործողություններին կրկին կանդրադառնանք:
Գայանե Ակոջյան