Ախալքալաքի քաղաքապետարանում հանդիպում տեղի ունեցավ հացատներում հիգիենայի պահպանման վերաբերյալ: Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնը զգուշացնում է՝ խախտումների դեպքում կտուգանեն։ Կորոնավիրուսի կանխարգելման համար Վրաստանի առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ միևնույն անձը չի կարող և փողը վերցնել, և հացը տալ, իսկ հացը պետք է տոպրակների մեջ դրած վաճառել։
Չնայած այս զգուշացումներին Ախալքալաքի որոշ հացատներ չեն պահպանում հիգիենայի կանոնները։ Թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն հիգիենայի կանոնները պահպանելու համար դիմեցինք Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանին։
«Մենք բոլորին զգուշացրել ենք, այսօր պետք է շրջեինք բոլոր հացատներով և պետք է հետևեինք նրանց աշխատանքին, սակայն եղանակային պայմանների պատճառով չկարողացանք և այդ ստուգումները կանցկացնենք վաղը։ Ստուգումներին ներկա կգտնվեն նաև քաղաքապետարանի ներկայացուցիչները։ Ինչպես ասացին քաղաքապետարանից, այն հացատներում, որտեղ կգրանցվի որևէ խախտում կտուգանեն»,- ասում է Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրենը։