Խուլգումո և մոտակա գյուղերը Ախալքալաքին կապող «Թումաս» կամուրջը գիշերային ժամերին հայտնվում է անթափանց մթության մեջ:

Չնայած նրան, որ Ջավախքն այնքան էլ հայտնի չէ Վրաստանում, որպես զբոսաշրջային վայր, սակայն այստեղ բազմաթիվ տեղեր կան, որոնք անկրկնելի տպավորություն են թողնում զբոսաշրջիկների վրա: Վերջին տարիներին ամենագեղեցիկ ու գրավիչ վայրերի ցանկում է հայտնվել Թումասի կամուրջը, որից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Թափարվան գետի կիրճ:

tumas kamurj

Ախալքալաքի տեղական իշխանությունները 2017 թվականին մոտ 5000 լարի հատկացրին Կամրջի լուսավորության համար, սակայն ընդամենը մի քանի ամիս անց, լուսավորության լարերը չաշխատեցին և մինչև օրս ցիրուցան կախված են կամրջից:

tumas kam

Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահի խոսքերով, կամրջի լուսավորման հարցը աշխատանքային օրակարգում է, սակայն այս տարի ներառված չէ ծրագրերում:

«Ճիշտն ասած տեղական իշխանությունը մի անգամ փորձեց լուսավորություն անցկացնել, բայց նորմալ բան չէր: Մենք միշտ քննարկում ենք այդ հարցը: Պետք է հետաքրքիր ու առանձնացող ինչ-որ բան նախագծել, օր. տարբեր գույների լույսերով, կեսը մարի, կեսը վառի, որ հետաքրքրի զբոսաշրջիկներին: Այս տարի գումար նախատեսված չէ», – ասաց Նաիրի Իրիցյանը:
kam
Ախալքալաք քաղաքը Խուլգումո գյուղին կապող Թումասի կամուրջը կառուցվել է 2013 թվականին, նախաձեռնության հեղինակն ու բարերարը ծնունդով Խուլգումո գյուղից, ռուսաստանաբնակ գործարար Թումաս Չիվչյանն է։

Կամրջի երկարությունը 182 մ է, լայնությունը՝ 2 մ, իսկ բարձրությունը՝ 41 մ: Կամուրջը մոտ 3 կմ կրճատում է գյուղը քաղաքին միացնող ճանապարհը:
Կամրջի կառուցման համար բարերարը ծախսել է մեկ միլիոն (1 000 000) լարի։

Ջավախք այցելող զբոսաշրջիկները տպավորվում են կամրջի գեղեցկությամբ և այն շատ հաճախ համեմատում են Բրուքլինյան կամրջի հետ:

Կամրջի հարևանությամբ մարդիկ կենցաղային աղբ են թափում:

kamurj

Թումասի կամրջի վրա գիշերային ժամերին միայն այս լուսարձակներն են աշխատում:

tumas ka

Եթե առավոտյան ժամերին կամուրջը պարզապես ճանապարհ է, և մարդիկ այստեղով անցուդարձ են անում, ապա երեկոյան ժամերին այստեղ կարելի է հանդիպել զբոսաշրջիկների և մարդկանց, ովքեր գալիս են կամրջի վրայով պարզապես քայլելու և հիանալու երեկոյան մանուշակագույն Աբուլի գեղեցկությամբ:

Մայրամուտից հետո այս գրավիչ կամուրջը հայտնվում է անթափանց մթության մեջ և իրենից ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում:

gisher kamurj
Աղունիկ Այվազյան