Հուլիսի 1-ին Կուլիկամ գյուղում վերաօծվեց Սբ. Երրորդություն եկեղեցին և գյուղամեջում կանգնեցվեց Արցախյան հերոսամարտի մասնակից, արմատներով կուլիկամցի Արթուր Ղարիբյանի հուշարձանը:
Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցին հայտնի է եղել Սբ. Կարապետ անվանումով: Տարիներ շարունակ Եկեղեցին եղել է տեղի բնակչության Աստծո տունը:
Ինչպես 2000 թ.-ին այնպես էլ 2018 թվականին եկեղեցին վերակառուցվում է ծնունդով կուլիկամցի, այժմ ռուսաստանաբնակ Ստեփան Ուզունյանի բարերարությամբ: Եկեղեցու վերանորոգման աշխատանքները մոտավոր 4 ամիս է տևել, սակայն այս կարճ ժամանակահատվածում շատերն են հասցրել իրենց ներդրումն ունենալ:
Եկեղեցու վերաօծման սրբազան արարողությունն սկսվեց «Դռնբացեքի» ծիսակարգով: Ձեռամբ Վիրահայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեցին եկեղեցու 16 սյուները, Սուրբ խորանը, մկրտության ավազանն ու սրբապատկերները:
Արդեն վերաօծված Սուրբ Երրորդություն եկեղեցում անդրանիկ պատարագը մատուցեց Տեր Տաթև քահանա Մարուքյանը:
Ավագ սերունդն իր երախտագիտությունն է հայտնում երիտասարդներին, որ միասնական ջանքերով կարողանում են գյուղը զարգացնել: «Համախմբված մատաղ սերունդը ինչ հրաշքներ է գործում այսօր, այս եկեղեցին, որ մեր պապերն են կառուցել, այսօր նորից կենդանություն ապրեց, այսօր մեր գյուղի նոր ծնունդն է», – ասաց գյուղաբնակ Հմայակ Դեմիրճյանը:
Այնուհետև գյուղամեջում հանդիսավորությամբ բացվեց արցախյան գոյամարտի մասնակից արմատներով կուլիկամցի Արթուր Ղարիբյանի հուշարձանը: Կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվել էր բարերար Աղվան Աջամօղլյանին ու Արթուրի եղբորը՝ Գրիգոր Ղարիբյանին:
Հուշակոթողի բացմանը ներկա էին նաև Արթուրի մարտական ընկերները: Տիգրանը հիշում է, որ նույնիսկ մարտի դաշտում նա ստեղծագործում էր:
«Արթուրը շատ բարի էր, աշխատասեր: Սիրում էր կատակել: Նա կռվի ժամանակ էլ, որ ազատ մի րոպե էր գտնում կավը ձեռքին ման էր գալիս»,- ասաց Արթուրի ընկերը՝ Տիգրան Դավթյանը:
Գեղարվեստական տարբեր կատարումներով հանդես եկան Կուլիկամի հանրային դպրոցի սաները: Նրանք կատարեցին նաև Արթուրի երգը:
Կուլիկամում իսկական տոնախմբություն էր: Գյուղում և նրա սահմաններից դուրս ապրող կուլիկամցիները հավաքվել էին հայրենի շենում և առաջին անգամ նշում էին իրենց գյուղի օրը:
Տոնական օրվա ավարտին նորաբաց հանդիսությունների սրահում կատարվեց ավանդական մատաղի օրհնության արարողություն և համտես:
Աղունիկ Այվազյան
Քրիստինե Մարաբյան