Հիմա ջավախքցի շատ երեխաների սրտերը ավելի արագ են բաբախում, ոմանք անհամբեր սպասում են տարվա սկզբին արտագնա աշխատանքների մեկնած հայրիկին, ոմանք արդեն դիմավորել են և ընտելանալու փուլն են անցնում, իսկ ոմանք էլ օրերն են հաշվում, թե երբ է վերադառնալու հայրիկը:

Հանուն և առանց ընտանիքի

Ջավախքցիները արտագնա աշխատանքի մեկնում են հիմնականում Ռուսաստանի դաշնություն: Տարվա մեծ մասը դաշնությունում ապրելով, նրանք գրեթե անծանոթ են այդ երկրին բնորոշ վարքին ու կացութաձևին, նույնիսկ այն քաղաքին, որտեղ ապրում են, որովհետև նրանց օրը սկսվում է ամենօրյա աշխատանքային գրաֆիկով՝ առավոտյան 6-ից աշխատանքի են մինչև ուշ երեկոյան: Այս մարդկանց տեսածը ասֆալտն է, ճանապարհները, ցեմենտն ու քարը, իսկ ամենահեռու ճանապարհը քաղաքի միջով դեպի բանկ տանողն է, երբ գնում են ընտանիքներին գումար ուղարկելու:
4
«Մեր հողում ընտանիքը պահելու գումար չենք կարող աշխատել, ստիպված գալիս ենք: Երկու տարի փորձեցի աշխատանք գտնել, այն իրավիճակում էի, որ հաշվի չէի առնի մասնագիտական կամ ոչ մասնագիտական աշխատանք, ինչ էլ լիներ կանեի, միայն մնայի տանը՝ հարազատներիս հետ, ոչինչ չստացվեց», – մեզ հետ զրույցում նշեց ՌԴ-ում աշխատող Արամը (անունը փոխված է):

Շատերը ցանկանում և փորձում են այլ ճանապարհով գնալ, սակայն նորից նրանց տանում է խոպանի ուղիով: «Մինչև ամուսնանալս մեծ-մեծ խոսում էի, ընկերներիս ասում էի մի գնացեք, մնացեք՝ հող մշակելով էլ կարող եք գումար աշխատել, բայց երբ ամուսնացա, պարզ դարձավ, որ հող մշակելով ինքս ինձ կկարողանամ պահել, բայց նոր ստեղծած ընտանիքիս ավելին է անհրաժեշտ», – ասում է առաջին խոպանային տարին արդեն ավարտած երիտասարդը:
2
Ընտանիքից հեռու լինելով շատերը ներկա չեն լինում իրենց երեխաների ծնունդին, առաջին քայլերին, առանց հայրիկների շատ դպրոցականներ են առաջին դասարան հաճախում: Շատերը չեն կարողանում խնամել հիվանդ ու ծեր ծնողներին և միայն մահանալուց հետո մի քանի օրով գալիս են, հուղարկավորում և նորից վերադառնում:

Միայն ձմռանը տղամարդիկ վերադառնում են և փողոցներում հանդիպում ենք ռուսական մորթյա վերարկուներով առևտուր անող ու ծանրաքաշ տոպրակները դեպի տուն տանող ջավախքցիների: Նրանց վերադարձը ընտանիքներում իսկական տոն է՝ սեր, ջերմություն ու նվերներ: Բայց ցավալի է, որ մանկահասակ շատ երեխաներ մոռանում են հայրիկների դեմքերը և նույնիսկ լաց են լինում, երբ նոր տուն դարձած հոր գրկում են հայտնվում: Մոտ մեկ ամիս է, ինչ 10 ամսական Վիոլետայի հայրը վերադարձել է արտագնա աշխատանքից, բայց երեխան դեռ չի ընտելացել նրա ներկայությանը:

Ձմեռ պա՞պն է ավելի սպասված, թե՞ հայրիկը

Ձմեռը հեքիաթների եղանակն է: Ջավախքի հեքիաթը հետևյալն է՝ սկզբից ձյունն է գալիս, հետո հայրիկը, իսկ ամանորին՝ Ձմեռ պապը: Մայրիկները, ովքեր ամբողջ տարին, բացի ընտանիքի հոգսից, նաև երեխաների դաստիարակությամբ են զբաղվում, նրանց մեջ սպասումի հույսն են մտցնում: Մեր ժամանակները կապի միջոցը խնդիր չէ, հետևապես 6-7 տարեկան երեխան կարող է ինքնուրույն զանգել հեռավոր երկրում աշխատող հայրիկին և պատմել իր կարոտի, հաղթանակի կամ անհրաժեշտ իրերի մասին: Հնձարը 7 տարեկան է և գիտի, որ շատ շուտով, թե հայրիկն է գալու, թե Ձմեռ պապը:

Սպասողները, ոչ միայն երեխաներն են, այլ նաև ծեր ծնողները: Մկրտիչ պապը 80 տարեկան է և չի ընդունում արտագնա աշխատանքի մեկնելը, սակայն թե տղան, թե թոռները ստիպված գնում են:
«Տունը, խնդիրները թողնում գնում են: Իմ տարիքն ու առողջությունը թույլ չեն տալիս հող մշակել. ոչ ցանել կարող եմ, ոչ ջրել, ջահել հարսին էլ հո չենք թողնելու տղամարդու գործը: Թողնում գնում են, աշխատած փողն ուղարկում, որ ուրիշին տանք մեր հողը ցանի, ջրի, քանդի: Ստացված բերքն էլ չի գոհացնում, քիչ է, գին էլ չունի: Մարդ չգիտի՝ ինչ անի, առանց ցանելու էլ չի լինի: Կյանքը դժվար է, բայց ես կարծում եմ, որ մարդ ինչքան էլ քիչ աշխատի, նույնիսկ ծայրը ծայրին չհասցնի, պիտի գոնե մի տղամարդ տանը մնա, թողնել գնալով բան դուրս չի գա», – մտահոգվում է Մկրտիչ պապիկը:
5
Մինչ Ջավախքում ընտանիքների մեծամասնությունը գոյատևում է արտագնա աշխատանքների շնորհիվ, ընտանեկան ներդաշնակությունը այստեղ կկրի ժամանակավոր բնույթ:

Սոնա Տոնականյան