Անհայտ փողոց, Ախալքալաքի ծայրամասում, առանց լույսի, ասֆալտի և բարելավման հույսի: Այս տների բնակիչները երկու զույգ կոշիկներ են հագնում հաջորդ փողոց մաքուր հասնելու համար:

Երբ հեղեղ է լինում կամ ուղղակի անձրև է գալիս Էնգելսի և Նազարեթյան փողոցների խաչմերուկում, փողոցում, որտեղ բնակիչները չգիտեն նրա անունը, հսկայական լճակներ են ձևավորվում: Ցեխի պատճառով բնակիչները նույնիսկ տներից չեն ուզում դուրս գալ և գնալ ինչ-որ տեղ:

«Մենք 25 տարի համբերում ենք: Էլ համբերելու տեղ չկա: Այ, այստեղ մենք ապրում ենք», – այս խոսքերով մեզ դիմավորեց Ախալքալաքի ծայրամասի բնակչուհի Սաթենիկ Գրիգորյանը:

Նրա խոսքերով, նա բազմիցս դիմել է Ախալքալաքի քաղաքապետարան, որ «փողոցները», որտեղ մոտ 6-7 տներ են, չմնան ենթակառուցվածքային նախագծերից դուրս: Գիշերային լուսավորություն չկա, ասֆալտ չկա: Ջուրը և կոյուղագիծը քաշել են բնակիչները:

«3 անգամ անօթևան շները կծել են իմ որդուն: Նույնիսկ լուսավորություն չցանկացան անցկացնել: Ասում են՝ սպասեք: 25 տարի սպասել ենք, դեռ սպասեք: Ոչ-ոք չի ցանկանում այստեղ տներ կառուցել: Միայն մենք հիմար դուրս եկանք, թեև այլ տարբերակ չունեինք: Մյուս փողոցները, որոնք վերանորոգվել են երկրորդ անգամ են արդեն վերանորոգվում: Գյուղերում ճանապարհներ կան արդեն, իսկ մեր փողոցում ասֆալտ չկա, ասում են սպասեք: Փողոցը նույնիսկ անուն չունի: Դպրոց տվեցի երեխաներին գրեցին Էնգելսի նրբանցք: Ինքս ինձ տան համար եմ գրել: Վերջերս որդիս համալսարան ընդունվեց, այդ ժամանակ իմացան, որ ծննդյան վկայականը վավերացված չէ, հասցեի պատճառով: Ստիպված եղա նոր փաստաթղթեր հանել», – ասում է Սաթենիկ Գրիգորյանը:

Որպեսզի ցեխոտ չլինեն, քաղաքի այս հատվածի բնակիչները ստիպված են վերցնել ևս մեկ զույգ կոշիկ: «Ես կոշիկներս վերցնում եմ և կալոշներով դուրս գալիս տնից, կալոշները թաքցնում եմ գիշերօթիկ դպրոցի բակում, մյուս կոշիկներս եմ հագնում, որ քաղաքով մաքուր կոշիկներով քայլեմ», – ասում է նա:

chamur

Մենք դիմեցինք Ախալքալաքի քաղաքապետարան` փողոցի անունը և ճանապարհների վերականգնման աշխատանքների և քաղաքի այս մասում այլ ենթակառուցվածքային աշխատանքների պլանները պարզելու համար:

«Ինչքանով, որ ես գիտեմ, Սակրեբուլոն այդ փողոցներին անուն տվել է: Բոլոր փողոցներն անուններ ունեն: Ինչպես հիշում եք, քաղաքը ընդհանրապես ասֆալտապատված չէր: Մենք կամաց-կամաց բարձրանում ենք վերև: Գիտեք, այս տարի ասֆալտ չի լինելու, բայց այդպես է լինում, որ փոքր տարածքները մնում են կողքի», – ասում է էկոնոմիկայի բաժնի մասնագետ Վահան Բաթոյանը:

Քաղաքապետարանի ճարտարապետական բաժնում, որտեղ մեզ ուղարկեց էկոնոմիկայի ծառայությունը, մեզ բացատրեցին, որ տվյալ փողոցներն արդեն անվանում ունեն: Մի փողոցն անվանեցին Տեր-Մինասյանի, իսկ մյուսը` Զատիկյան:

chanpa chamur

Ըստ ենթակառուցվածքի բաժնի պետ Ալբերտ Նահատակյանի, դեռ ճանապարհի այս հատվածը նախատեսված չէ ասֆալտապատել մոտ առաջիկայում:

«Սա փողոց չէ, և մենք չենք կարող մի տան համար փողոց ձևակերպել: Ինչ եք կարծում, անհրաժեշտ է ասֆալտապատել այն հատվածը, որտեղ մարդիկ են ապրում են, թե այնտեղ որտեղ չեն ապրում: Այցելեք էկոնոմիկայի ծառայություն և ասեք, որ այնտեղ ասֆալտապատեն: Ջրի և կոյուղագծերի հարցը նրանք լուծել են իրենց ջանքերով: Մենք մինչ 2021 թ.-ը ունենք զարգացման ծրագիր, դրանում դա նախատեսված չէ: Մենք ունենք 6-7 միլիոն լարի, իսկ համաձայն զարգացման ծրագրի` 11-13 միլիոն և դեռ շարունակվում է ավելանալ», – ասում է Ալբերտ Նահատակյանը:

Ծայրամասում գտնվող փոքր թվով տները դարձնում են քաղաքի այս հատվածը տեղական իշխանությունների համար ոչ առաջնահերթ, հաշվի չառնելով այն փաստը, որ այնտեղ ապրում են նույն իրավունքներով և կարիքներով սովորական մարդիկ:

Քրիստինե Մարաբյան