Ախալքալաքի ապագայի տան շենքը տարեց տարի վերանորոգվում է, այս տարի նույնպես նորգվել է մեկ սենյակ, որը լինելու է լեզուների ուսուցման դասասենյակ: Վերանորոգման համար հատկացվել էր 5084 լարի։

Նախկին «Պիոներների տունը» 2006 թվականից գործում է որպես Ապագայի տուն։ Կրթարանը ունի 8 խմբակ և գրեթե 115 աշակերտ՝ 5-18 տարեկան երեխաներ։ Մինչ վերանորոգումը լեզվի դասերը անցկացվում էին ընդհանուր սենյակում: Մինչև սենյակը նորոգելը, այն օգտագործման համար պիտանի չի եղել, քանի որ ամեն անկյունից ջուր է կաթել։

Այս տարվա վերանորոգումն իրականացնելու համար հայտարարված տենդեր-մրցույթի մասնակիցների քանակը 6-ն է եղել, հաղթել է անհատ ձեռներեց Արթուր Ասլանյանը։

Նորոգվել է մի սենյակ, սակայն դրանով Ապագայի տունը լրիվ չի բարեկարգվել, կան սենյակներ, որ ևս վերանորոգման կարիք ունեն: Դասաժամերի ժամանակ, երբ դուռը բացվում է, աշակերտները ստիպված են լինում ընդմիջում տալ, որպեսզի դռան ճռռոցից հետո կարողանան իրար լսել։

Ապագայի տան զուգարանը դասասենյակներից անջատող միջանցքը դուռ չունի։ Հոտը տարածվում է դեպի սենյակներ։

dur apagayi tun

Այն մասին, թե ինչու է վերանորոգումը մաս-մաս կատարվում և ինչու զուգարանն ու սենյակը իրար կապող միջանցքը դուռ չունի, դիմեցինք Ախալքալաքի շրջանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանին։ Նա ասաց, որ նորոգվել է այն մասը, որն էլ դիմումով ներկայացված է եղել։

“Մենք նորոգել ենք այն մասը, որն էլ դիմումով ներկայացված էր, այն տարածքները, որոնք նորոգվել չեն կամ նորոգման կարիք ունեն, կնորոգվեն ըստ ներկայացված դիմում պահանջի, համապատասխան մասնագետը կգնա տեղում կկատարի գրանցում, ըստ Ապագայի տան տնօրենի պահանջի”, – ասաց Ալբերտ Նահատակյանը։

Նա հավելեց նաև, որ վերանորոգման ժամանակ նաև ներկայացվածից ավել աշխատանք էլ է կատարվել։

Գայանե Ակոջյան