Շարունակվում է գյուղական ճանապարհների խճապատման աշխատանքները: Մերենիա գյուղում մտահոգված են, որ շինարարական ընկերությունը չի հարթեցնելու իրենց գյուղի ճանապարհը:
Գյուղական ճանապարհների վերանորոգման աշխատանքներն իրականացնում են 2 տարբեր կազմակերպություն. «Ջավախ Ավտո Գզա»-ն և Ախալքալաքի սպասարկման կենտրոնը:
Մի քանի գյուղերում արդեն սկսվել են աշխատանքները, մի քանիսում ավարտվել, իսկ կան այնպիսիներն էլ, որ ծրագրում ներառված են, սակայն բարեկարգված չեն։
“Ոչ մեկ չի մտածում մեր ճանապարհի բարեկարգման մասին, միշտ բողոքում ենք, ասում են իբր խճապատելու են, բայց ոչ մի բան էլ չեն արել։ Տենդեր-մրցույթ է հայտարարվել, հաղթողն էլ գիտեմ «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունն է։ Ամեն տարի ես իմ ուժերով հարթեցնում եմ, բայց այս տարի այլևս չեմ անելու, հաղթել են, թող անեն”, – ասաց Մերենիա գյուղի բնակիչ Համազասպ Ադամյանը։
«Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը, ըստ ծրագրի, պետք է հարթեցնի հետևյալ ճանապարհները.
Կարտիկամ-Բուզավեթ` 4250 մ
Կարտիկամ-Աբուլ` 6650 մ
Կարտիկամ-Թախչա` 4250 մ
Մյասնիկյան-Էրինջա-Դավնիա-Խավեթ՝ 10750 մ
Ալաստան-Կոկիո՝ 3100 մ
Քարսեպ-Ափնիա-Գոգաշեն՝ 7050 մ
Ղադոլար-Մոդեգամ՝ 4600 մետր
Թոթխամ-Կորխ՝ 2500 մետր
Լոմատուրցխ-Բուռնաշեթ՝ 2200 մետր
Ալաթուման-Բեժանո՝ 1450 մ
Պետական մայրուղուց մինչ Մաջադիա գյուղ` 3600 մ
Պետական մայրուղուց մինչև Խուլգումո-Կուլիկամ-Կարտիկամ` 3700 մ
Արագվա-Զակ-Բուղաշեն-Մերենիա-Էխտիլա-Փոքր Սամսար՝ 16950 մ
Բուղաշեն-Բալխո-Գոման-Օլավերդ՝ 7950 մ
Դիլիսկա-Պտենա-Չունչա` 7200 մ
Խանդո գյուղից մինչ Ախալցիխե տանող պետական ճանապարհը` 4200 մ
Ընկերության փոխտնօրեն Ջաբա Ձիրկվաձեն ասում է, որ խճապատման աշխատանքները արդեն վերսկսում են և այն ճանապարհները, որոնք դեռ չէին հարթեցրել, շուտով կխճապատեն:
“Քանի որ եղանակային պայմանները այնպիսին էին, որ չէինք կարող աշխատել, վաղվանից կսկսենք գյուղ Բուզավեթից, այնուհետև գյուղապետների հետ համաձայնության կգանք, թե երբ պետք է անենք իրենց գյուղերը”, – ասաց Ջաբա Ձիրկվաձեն։
Գայանե Ակոջյան