Ախալքալաքի մունիցիպալիտետի Հոկամ, Ափնիա, Գոգաշեն, Ազմանա, Քարծեպ, Կոթելիա, Պտենա, Չունչխա գյուղերում ապրում են Աջարիայի Ինքնավար Հանրապետությունից, 1988-1989 թվականներին, աղետի հետևանքի պատճառով վերաբնակեցվածները՝ Աջարիայից արտագաղթողներն, սակայն այդ մարդիկ չեն կարող սեփականաշնորհել այն տները, որտեղ նրանք բնակություն են հաստատել և կառուցել դրանք ավելի քան 30 տարի առաջ։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Ափնիա գյուղը հիշեցնում է լքված բնակավայր։ Լքված տներում միայն խոտի դեզերն ու չորանալու նպատակով կախված շորերն էին հուշում, որ ոչ բոլոր բնակիչներն են լքել այս գյուղը: Լքվածության պատկերը լրացնում են ավերված կամ անավարտ տները։ Ցեխոտ փողոցներ և ամենուր տիրող լռություն։
Աջարիայի Ինքնավար Հանրապետության էկոմիգրանտների համար կառուցված երկհարկանի, միատիպ տները
Ձիրկվաձեների ընտանիքը Ափնիա գյուղ է տեղափոխվել 1988 թվականին՝ Խուլոյի մունիցիպալիտետից։ Խուլոյում ձնաբուքը ավիրել է նրանց տունը: Նրանք դեկտեմբերին են տեղափոխվել Ափնիա գյուղ և բնակություն հաստատել էկոմիգրանտների համար կառուցված տներից մեկում։ Այդ ժամանակ Թամար Ձիրկվաձեն 30 տարեկան էր, իսկ երեխաները՝ 2 և 3 տարեկան էին։
«Շատ ցուրտ էր, պատուհանները առանց ապակի էին, ամուսինս ցելոֆանով փակեց դրանք, որ երեխաները չմրսեին: Երբ դրսում քամի էր բարձրանում, տունը ցնցվում էր, երեխաները վախենում էին: Մեզ ոչ ոք չօգնեց, հատկացրեցին միայն դատարկ տունը, մենք ինքներս ենք աշխատել և ստեղծել ամեն ինչ, հիմա ուզում ենք տունը սեփականաշնորհել, թույլ չեն տալիս, ասում են, չես ուզում այստեղ ապրել, կարող ես գնալ»,- պատմում է Թամար Ձիրկվաձեն։
Թամար Ձիրկվաձեն
Ձիրվկաձեի հարսը՝ Մզևինար Իակոբաձեն արդեն 7 տարի է, ինչ ապրում է Ափնիա գյուղում, նա Բաթումիից է, և քանի դեռ երեխաները փոքր են, Մզևինարն ապրում է գյուղում, բայց կարծում է, որ երեխաների և երիտասարդների համար այստեղ հեռանկար չկա։
«Դպրոցում մասնագետներ չկան, ուսուցիչներն առանց կրթության են, կեղծ դիպլոմներով, ուստի բոլորը թողնում են ու հեռանում այստեղից, որ երեխաները լավ կրթություն ստանան: Տղաս տրակտորիստ է, վարկով տրակտոր ենք գնել, չենք կարողանում վարկը մարել, այսօր վարկի մարման օրն է: Ոսկյա մատանին տարել ենք, վաճառենք, որ վարկը մարենք: Ոչ ոք չի ուզում ապրել այս պայմաններում»,- ասում է Թամար Ձիրկվաձեն։
Լքված տները աստիճանաբար ավերվում են
Ափնիայում այժմ ապրում է 18 ընտանիք։ Նրանցից երեքը տեղացիներ են, իսկ 15-ը՝ էկոմիգրանտները, որոնք մնացել են այստեղ։ Շատ էկոմիգրանտներ հեռացել են: Խուլոյից այստեղ բնակություն է հաստատել 30 ընտանիք, սակայն այժմ նրանցից միայն 15-ն են մնացել։ Շինարարությանը մասնակցել են ինչպես տեղական կազմակերպությունները, այնպես էլ տեղի բնակիչները։ Սակայն Խորհրդային Միության փլուզման հետ մեկտեղ դադարեցվեցին նաև տների շինարարությունը, որոշները մնացին անավարտ և սկսեցին ծառայել որպես անասնագոմեր և խոտամբարներ։
Լքված տները ծառայում են որպես անասնագոմ
1980-ականների վերջերին Ափնիա գյուղում, ինչպես և մյուս գյուղերում, որտեղ կառուցվել էին էկոմիգրանտների համար տներ, շատ գաղթականներ կային։ Գրեթե բոլոր ավարտին հասցված տները բնակեցված էին, բայց հետո, երկու-երեք տարի անց, էկոմիգրանտներն աստիճանաբար սկսեցին հեռանալ, չընտելանալով տեղի պայմաններին: Չկային աշխատատեղեր, կյանքի համար պատշաճ հարմարություններ և հեռանկար։
Էկոմիգրանտների համար կառուցվող տներից շատերն ավարտին չեն հասցվել
Որոշ էկոմիգրանտներ, ովքեր հեռացել են այստեղից, չեն ազատում իրենց տները, նրանք ապրում են այլ վայրերում, բայց տարին երկու-երեք ամիս անցկացնում են այստեղ, հույս ունենալով սեփականաշնորհել տունը։ Ափնիայում ժամանակավորապես բնակվող էմիգրանտները չեն ցանկանում հաստատել այն, որ գյուղից այլ վայր են տեղափոխվել։ Jnews-ի հետ հեռախոսազրույցում մի տղամարդ, ում ընտանիքը տարին մեկ անգամ, մի որոշ ժամանակով գալիս է Ափնիա, ինչպես մեզ ասացին գյուղում, հերքեց, որ գյուղից տեղափոխվել է։ Նա ասաց, որ չի պատրաստվում հեռանալ Ափնիա գյուղից, իսկ եթե հնարավորություն լինի, կտեղափոխվեն միայն մայրաքաղաք։
Բոլորը, և՛ մեկնողները, և՛ այստեղ մնացած էկոմիգրանտները, ցանկանում են գրանցել իրենց տները։ Շատ բան կառուցել են, բարեկարգել են, տները վերանորոգել են, գումար են ներդրել այս տներում ու հիմա ուզում են վստահ լինել, որ սա իրենց սեփականությունն է։ Սակայն, նրանք չեն կարողանում սեփականաշնորհել և իրենց զգում են անորոշության մեջ։ Միայն բնակելի տանը կից մոտ 15 հար տարածք ունեցող հողատամասը կարող է սեփականաշնորհվել։
Հատուկ էկոմիգրանտների համար կառուցված տները սեփականաշնորհման ենթակա չեն
Գոգաշեն գյուղում, ընդհակառակը, տեղացիներն ավելի շատ են, էկոմիգրանտները՝ ավելի քիչ։ 1989 թվականին Գոգաշեն տեղափոխված ու բնակություն հաստատած 30 ընտանիքներից այժմ մնացել է 4 ընտանիք։ Էկոմիգրանտների համար այստեղ կառուցվել է 60 տուն, որից միայն 25-ն է ավարտին հասցվել։
Նազի Խորջումելաձեն ընտանիքի հետ ապրում է Գոգաշեն գյուղում։
«Մենք Խուլոյից ենք, այնտեղ մենք ապրելու տեղ չունեինք, մեզ առաջարկեցին ապրել այստեղ, և մենք տեղափոխվեցինք: Ընտանիքում հինգ հոգի ենք, տղաս և նրա կինը սեզոնային աշխատում են Բաթումում, ամուսինս աշխատում է Վարձիայում, մենք այնտեղ տնտեսություն ունենք: Ես գոհ եմ, հարևանների հետ հաշտ-համերաշխ ենք: Միայն փաստաթղթեր չունենք, ուզում ենք սեփականաշնորհել, բայց չեն սեփականաշնորհում»,- ասում է Նազի Խորջումելաձեն։
Նազի Խորջումելաձեի տունը
Գոգաշենի տարածքային շրջանից, որտեղ ընդգրկված է նաև Ափնիա գյուղը, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի ներկայացուցիչ Զազա Նաթենաձեի խոսքով, էկոմիգրանտների մեծ մասը հեռացել է գյուղում ջրի բացակայության պատճառով։ Գոգաշենի դատարկ տներում բնակվել են տեղի 25 ընտանիք:
Զազա Նաթենաձեն տեղացի է, բայց նա նույնպես տեղափոխվել է էկոմիգրանտների համար կառուցված տուն, քանի որ հայրական տունը քանդվել է։ Նա իր ընտանիքի հետ արդեն 18 տարի ապրում է երկհարկ տանը։
«Տունը դատարկ էր, ամեն ինչ վերակառուցեցի, վերանորոգեցի, միայն տանիքն ու պատերն էին: Ուզում ենք սեփականաշնորհել, մի քանի անգամ փորձեցինք, պատասխան ստացանք, որ դեռ հնարավոր չէ, իսկ ինչ կլինի հետո՝ չգիտեմ։ Լավ կլիներ, որ սեփականաշնորհեինք, քանի որ հիմա անորոշության մեջ ենք գտնվում»,- ասում է Զազա Նաթենաձեն։
Ափնիա գյուղը
Հոկամ գյուղում 140 տուն է կառուցվել էկոմիգրանտների համար, մի մասը ավերվել էր անտիրական վիճակի պատճառով։ Գյուղում այս պահին մշտապես բնակվում է 65 ընտանիք, ամռանը Բաթումից գալիս են ևս 3 ընտանիք։ Տեղացի 35 ընտանիք տեղափոխվել են միգրանտների համար կառուցված տները։
«Սկզբում բոլոր տները բնակեցված էին, բայց 2-3 ամիս հետո շատերը հեռացան: Այնտեղ ապրողները, տեսնելով, որ տները տարիներ շարունակ դատարկ են, սկսել են դրանք օգտագործել որպես գոմ, խոտապահեստ և այլն»,- ասում է Հոկամի տարածքային շրջանում քաղաքապետի ներկայացուցիչը՝ Սոսո Բալախաձեն։
Հոկամ գյուղը
Ժոլի Լոմիձեի ընտանիքն արդեն 35 տարի է, ինչ ապրում է Հոկամ գյուղում։ Նրանք նույնպես Խուլոյի շրջանից են։ Ընտանիքում 8 հոգի են, որոնցից 5-ը երեխաներ են։ Նրա որդին և հարսը աշխատում են Բաթումում։ Լոմիձեի խոսքերով, իրենց համար դժվար է ապրել այստեղ, հողատարածքը քիչ է, անասունների գլխաքանակը կրճատվել է՝ ընդամենը 3 կով։
Ժոլի Լոմիձեն
«Մենք արդեն համակերպվել ենք այստեղ ապրելուն, Հոկամում ապրում են և՛ հայեր, և՛ վրացիներ, բոլորս շփվում ենք, լավ հարաբերությունների մեջ ենք։ Եթե հնարավորություն լիներ, մենք էլ կհեռանայինք: Երիտասարդներն ուզում են լավ ապրել: Ես 5 թոռ ունեմ։ Անցած տարի տղաս դիմել էր տունը սեփականաշնորհելու համար, ասել էին, որ հնարավոր չէ, նման օրենք չկա: Փաստաթուղթ չկա, վախենում ենք, որ կարող են տնից դուրս հանել, փաստաթղթի առկայության դեպքում ավելի հանգիստ կլինենք»,- ասում է նա։
Ախալքալաքի պետական գույքի վարչության պետ Թամազ Գվարամաձեն ասում է, որ այս փուլում այս տները սեփականաշնորհման ենթակա չեն, գտնվում են պետության հաշվեկշռում և մունիցիպալիտետին չեն փոխանցվել։
«Այս տները կառուցվել են էկոմիգրանտների համար: Մենք նրանց ասել ենք, որ դիմեն պետությանը, Փախստականների և հարկադիր վերաբնակների նախարարությանը: Օրինականացման մի քանի դիմումներ են ներկայացվել մեզ, մենք մերժել ենք: Այս հարցը պետք է լուծի պետությունը: Պետք է վերանայել, կատարել գույքագրում, թե ով է ստացել, հետո ում է փոխանցել և քանի անգամ է սեփականատերը փոխվել»,- ասաց Թամազ Գվարամաձեն։
Այս տների սեփականաշնորհման խնդիրը Jnews-ը փորձեց պարզել Փախստականների, էմիգրանտների և ապրուստամիջոցներով ապահովության գործակալությունից։ Գործակալության պատասխանում ասվում է, որ 2004 թվականից ի վեր Սամցխե-Ջավախքում աղետի պատճառով Աջարիայի Ինքնավար Հանրապետությունից վերաբնակեցվել է 91 ընտանիք, որոնցից 20-ի բնակատեղիներն արդեն օրինականացվել են, իսկ մնացածը գտնվում են ընթացքի մեջ։ Նաև, ըստ Գործակալության տեղեկատվության, աղետից տուժած և հարկադիր վերաբնակեցված ընտանիքների (էկոմիգրանտների) միասնական տվյալների բազայում հաշվառված է 1932 ընտանիք: Նրանք վերաբնակեցվել են Ծալկա, Թեթրիծղարո, Բոլնիսի, Դմանիսի, Ռուսթավի, Թբիլիսի, Ախմետա, Լագոդեխի, Սիղնաղի, Գուրջաանի, Օզուրգեթի, Լանչխութի, Չոխատաուրի, Քոբուլեթի, Խելվաչաուրի, Քեդա, Խուլո, Շուախևի և Բաթումի։ Դրանցից 1547 ընտանիք իրենց բնակարանը գրանցել են որպես սեփականություն, իսկ մնացածների գրանցումն ընթացքի մեջ է։
Եվ ամեն ինչ լավ կլիներ, բայց դատելով Գործակալության կողմից Jnews-ին ուղարկված տեղեկություններից, 1980-ականների վերջին Ախալքալաք տեղափոխված էկոմիգրանտները ներառված չեն էկոմիգրանտների ընդհանուր տվյալների բազայում։ Գործակալության պատասխանում ասվում է.
«Ինչ վերաբերում է աղետից տուժած և 1980-90թթ.-ին երկրի տարբեր տարածքային միավորներ, այդ թվում՝ Ախալքալաքի մունիցիպալիտետ վերբնակեցված ընտանիքներին, տեղեկացնում ենք, որ ՀԻԻԱ Փախստականների, էմիգրանտների և ապրուստամիջոցներով ապահովության գործակալությունը ստեղծվել է 2019 թվականի դեկտեմբերի 1-ին և, համապատասխանաբար, չի մասնակցել վերոնշյալ գործընթացին։ Ելնելով դրանից, Գործակալությանը հասանելի չեն Ձեր կողմից պահանջվող տվյալները»։
Ստացվում է, որ ախալքալաքցի էկոմիգրանտներն իրականում չեն համարվում աղետից տուժածներ ու հարկադիր տեղահանվածներ և, հետևաբար, պետության հաշվեկշռում, հաշվառված չեն նրանց թվում, որոնց բնակավայրի խնդիրները պետք է լուծել։ Այնուամենայնիվ, այս մարդիկ Ախալքալաքում ապրում են անորոշության մեջ և իրենց տները գրանցելու կարիք ունեն: