Նինոծմինդայի շրջանի Ղուլալիս գյուղում, նորակառույց մատուռի տակ ստորգետնյա ճանապարհներ կան, որոնք գյուղացիները անվտանգության համար փակել են և դարձրել աղոթատեղիներ:

ghulalis 3

Անցքերի վերաբերյալ մեկնաբանությունները զանազան են: Ղուլալիս գյուղը Ջավախքի տարածաշրջանում վաղ բնակեցվածներից է եղել: Ըստ գյուղացիների, Ղուլալիսը միջնադարում Ջավախքի հայաշատ գյուղերից մեկն է եղել։ Դրա վառ ապացույցն է գյուղի հյուսիսարևելյան եզրին տարածված 13-14-րդ դարերի հայկական ընդարձակ գերեզմանատունը։

ghulalis 4

Ղուլալիս մտնող հյուրերին գյուղացիները առաջինը ցույց են տալիս իրենց գյուղի երբեմնի բերդատեղին, նրանք գիտեն նաև բերդի աշտարակների մոտավոր տեղը: Երկրաշարժի հետևանքով բերդից գրեթե ոչինչ չի մնացել, սակայն մատուռի տակից ստորգետնյա անցքերը գյուղացիները կապում են բերդի հետ: Վարկածները շատ են, ոմանք ասում են, որ թաքստոցներ են եղել՝ հարձակումներից պաշտպանվելու համար, ոմանք պնդում, որ գետից ջուր բերելու համար են գործածել այդ ճանապարհները, ոմանք էլ ասում են, որ թաքուն աղոթատեղիներ են եղել: Տարեց ղուլալիսցիները հիշում են, որ մանկության տարիներին ստորգետնյա ուղիներով հաճախ են քայլել և տարաբնույթ իրեր են գտել՝ ծխամորճեր, գոտիներ և այլն:

Այս նույն տարածքում է գտնվում գյուղի եկեղեցին, որից շատ բան չի պահպանվել: Խորհրդային տարիներին այն որպես պահեստ է գործածվել, խորանը ձևափոխած է և դարձրած պանիր պահելու աղաջրամաններ: Իսկ եկեղեցու շինությանը կից կառույցը փլվել է, որը ևս որպես պահեստ է գործածվել:

ghulalis 6

ghulalis 2

Եկեղեցու բակում հանդիպում ենք խոյաքարերի, խաչքարի պատվանդանի, խաչքարերի մնացորդների, որոնք տեղափոխած են նորակառույց մատուռի մոտ: Գյուղացիները պատմում են, որ մինչև վերջերս հորդառատ անձրևներից հետո հողի տակից ոսկորներ են դուրս եկել, քանի որ տարածքում մեծ գերեզմանատուն է եղել:

ghulalis 1

ghulalis

Ջավախքյան շատ գյուղեր ունեն այսպիսի առեղծվածային անկյուններ, սակայն այնքանով են առեղծվածային, որ մասնագիտական ուսումնասիրությունները կամ բացակայում են կամ եղածը հասանելի չէ բնակիչների համար, վերջիններս էլ տարաբնույթ լեգենդեր են հորինում կամ վախից ծածկում, գուցե պատմական կամ մշակութային նշանակություն ունեցող ստորգետնյա անցքերը:

ghulalis 5

Սոնա Տոնականյան