Հունիսի 2-5-ը Երևանում կայացավ «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 8-րդ միջազգային փառատոնը, որին մասնակցում էր ախալքալաքցի փոքրիկ դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովը:

Անահիտ Ստելմաշովը տպավորված է վերադարձել Հայաստանից:
«Ուզում եմ հատուկ նշել, որ ամեն ինչ կազմակերպված էր բարձր մակարդակով, շատ հետաքրքիր ծրագրեր ունեին: Հնարավորություն կար շփվելու ու նվագելու տարբեր երկրներից եկած մասնակիցների հետ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին», – ասաց փոքրիկ դաշնակահարուհին:

Փառատոնը նախաձեռնել և կազմակերպում է Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրը «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանի ղեկավարությամբ:

Այս տարի պատանի երաժիշտ կատարողների փառատոնին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իրանի, Վրաստանի 4 տասնյակից ավելի շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոնների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ և այլոք:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը նշեց, որ փառատոնը երաժշտական տոն է դարձել պատանիների համար, այն մեծ հնարավորություն է տալիս մասնակիցներին կատարողական վարպետությունը ներկայացնելու առումով:

«Այս տարի բավական թվով երեխաներ ունենք արտերկրից: Այս փառատոնը կարևոր է նոր տաղանդների բացահայտման առումով, իսկ մենք այդ ներուժն ունենք: Փառատոնի նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ մասնակից բազմաթիվ պատանիներ այսօր համաշխարհային բեմերում են: Մենք ունենք հրաշալի երաժիշտներ, ովքեր համերգային շրջագայության ժամանակ ԱՄՆ կոնգրեսում հուզել են ներկաներին, ունենք մասնակիցներ, ովքեր միջազգային կարևորագույն մրցույթների հաղթողներ են: Դա հպարտություն է»,-ասաց Սիլվա Մեքինյանը:

Փառատոնի շրջանակում անցկացվող 4 համերգից երեքը տեղի է ունեցել Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, իսկ եզրափակիչ համերգը` «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Մասնակիցների համար կազմակերպվել է ստեղծագործական հանդիպումներ, վարպետության դասեր, այցելություն Հայաստանի թանգարաններ և պատմամշակութային վայրեր: Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն Փառատոնի դիպլոմներով և հուշանվերներով։