ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի և կաջակցի ԱԺ-ի 1/3-ի առաջադրած թեկնածուին, այս մասին հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը «ԵԼՔ»-ը «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունների աջակցությամ կառաջադրի նրան վարչապետի թեկնածու:
«ՀՀԿ խմբակցության անունից հայտարարում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ։ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու։ ՀՀԿ-ն խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է, որպեսզի նա դառնա վարչապետ»։
ՀՀԿ խմբակցությունը տարածել է նաև հայտարարություն․
«Մենք դրական ենք գնահատում փաստը, որ Ազգային ժողովի քննարկումներում խորհրդարանական չորս խմբակցությունների կողմից հնչեցին առկա գրեթե բոլոր մտահոգությունները, որոնք կան երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու տեսանկյունից: Հանրապետականի կողմից հնչեցված մտահոգությունների մի մասը վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում փարատվեց, բայց ամենակարևորները դեռ մնացել են անպատասխան: Այդ հարցերն անկյունաքարային են ոչ թե Հանրապետական կուսակցության, այլ մեր երկրի հենց վաղվա համար»:
Հայտարարությունում հստակեցվել են կոնկրետ դրույթներ.
«-Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ:
-Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու:
-Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ:
-Կոչ ենք անում անհապաղ վերացնել տիրող անընդունելի վիճակը, բացել մայրաքաղաքի ու հանրապետության փողոցներն ու մայրուղիները, շտապ դադարեցնել օդանավակայանի հերթական շրջափակումը, դադարեցնել անհանդուրժողականության քարոզը և վերադառնալ սահմանադրական ճանապարհով ենթադրվող անհրաժեշտ գործողությունների դաշտ»:
Վարչապետի երկրորդ ընտրությունը կլինի մայիսի 8-ին։
Այս փուլում վարչապետի թեկնածու պիտի առաջադրի պատգամավորների 1/3-ը։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտնել է շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն, 35 պատգամավորի ստորագրություն է հարկավոր վարչապետի թեկնածու առաջադրվելու համար։ Քիչ առաջ հանդիպում ունեացա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, խոսակցություն ունեցա ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ։ Ես վաղը, ձեր թույլտվությամբ, պաշտոնապես ԱԺ պատգամավորների կողմից կառաջադրվեմ որպես Հայաստանի վարչապետի թեկնածու»,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանն առաջարկել է, որպեսզի վաղը ոչ Երևանում, ոչ հանրապետության մարզերում ոչ մի ակցիա չիրականացվի, ժողովուրդը հանգստանան։ Նա նաև կոչ է արել հետևել իր ֆեյսբուքյան էջին, քանի որ զուտ տեսականորեն կարող են իրադարձությունները զարգանալ, որ հենց վաղը անհրաժեշտ լինի հավաքվել։