Վրաստանի անկախության 100-ամյակը մեծ շուքով նշվեց Ախալքալաքում։
Առավոտվանից Ախալքալաքի կենտրոնական այգում, Խաս Բախչայում հավաքված մարդիկ սպասում էին անկախության տոնին նվիրված միջոցառմանը։ Տոնակատարությունը նվիրված էր և Վրաստանի և Հայաստանի անկախության 100-ամյա տարեդարձին։
Տոնակատարությանը ներկա էին տարբեր ասպարեզի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ներկայացրին տարբեր համարներ, ինչպես սպորտային այնպես էլ մշակութային։
Համարներով հանդես եկան Ախալքալաքի “Մուրջի” պարային համույթը, “Ջավախք” համույթը, երաժշտական դպրոցի երգչախումբը, Ապագայի տան սաները, “Վաչիան” համույթը, դհոլների անսամբլը և այլոք։
Տոնի կապակցությամբ իր շնորհավորանքի խոսքը ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը։
«Ես ուզում են մունիցիպալիտետի և Շրջանային ժողովի անունից շնորհավորել բոլորիդ այս մեծ տոնի կապակցությամբ։ Վրաստանի անկախության 100 ամյակի կապակցությամբ։ Բոլորիս հայտնի է, որ անկախությունը՝ դա այն խորհրդանիշն է պետության համար, որ կարող է լավ պայմաններ ստեղծել պետությունում բնակվող բոլոր ազգերի համար։ 100 տարի առաջ Վրաստանը ընդունեց այդ անկախությունը և մենք այսօր ապրում ենք անկախ Վրաստանում», – ասաց Յուրիկ Ունանյանը։
Նա նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի շնորհավորանքի ուղերձը փոխանցեց ժողովրդին։
Օրվա ընթացքում քաղաքում տիրում էր տոնական տրամադրություն։
Գայանե Ակոջյան