Մի քանի օր առաջ Թուրքիայի Ադանա նահանգում, Կոզանիի շրջանում անցկացվել են հատուկ գործողություններ, որոնց արդյունքում թուրք իրավապահները թրաֆիքինգի զոհ դարձած 6 վրացի կին են ազատել։
Հատուկ գործողություններին, որոնք մայիսի 4-ին են անցկացվել, մասնակցել են իրավապահ մարմինների 300 աշխատակից: Ըստ թուրքական հրատարակության, գերի կանանց ստիպողաբար մարմնավաճառության են դրդել: Կոզանիի շրջանի 3 բնակարանում գտնվել է 8 կին, որոնցից 6 վրացի են եղել։
Կանանց վախեցրել են պիտբուլ ցեղատեսակի շներով։ Տների ստուգման ժամանակ որոշ կանանց գտել են պահարաններում փակված:
Ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքացիներին, ապա հետաքննությունը պարզել է, որ նրանց Թուրքիա խաբեությամբ են տարել։ Այն անձիք, ովքեր թրաֆիքինգի մասնակիցներն են եղել և կանանց տարել են Թուրքիա, ըստ պայմանագրի մեկ կնոջ համար 100-ից 400 լարի փող են ստացել, բացի այդ ստացել են նաև յուրաքանչյուր կնոջ մարմնավաճառությունից ստացած շահույթի 50 տոկոսը։
Վրացի կանայք հայրենիք են վերադարձել։
Նկարը և նյութը TV «Իմեդի»-ից։