Ախալքալաքի շրջանի Տրկնա գյուղում չկա ոչ դպրոց, ոչ ամբուլատորիա, ոչ մանկապարտեզ, ոչ բժիշկ, ոչ անասնաբույժ և ոչ էլ գյուղատնտեսական արտադրանքի գնորդ։
Ախալքալաքի շրջանում վաղ գարունը գունեղ է։ Շուրջբոլորն ամեն ինչ կանաչ է, սակայն սարերը, որոնցով հարուստ է Ջավախք աշխարհը, դեռ ձյունածածկ են։ Չնայած, որ արևը փայլում է, օդը սառն է ու թարմ։
Գյուղական ճանապարհներն, ինչպես և ամենուրեք Ախալքալաքի շրջանում դժվարանցանելի են ավտոմեքենաների համար, դրա համար գյուղերում դեռ տարածված են էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցներ՝ ավանակ ու ձի։ Ձիերով լծված սայլակներ կարելի է տեսնել ճանապարհներին՝ ամեն ուղղությամբ։
Անցնելով Զակ գյուղը, հասնում ենք Տրկնա գյուղ։ Առաջին իսկ տների դիմաց մարդիկ են հավաքված: Պատճառը մորթված կովն էր, որի մարմինը փռած էր գետնին, իսկ կողքին դրված էր երկաթյա սովետական կշեռք, և փոքր ու փայտե սեղան։
Գյուղում չկա անասնաբույժ, մինչ կովի տերերը գտան և բերեցին անասնաբույժին՝ մեկ այլ գյուղից, կովը չկարողացավ ծնել, այդ իսկ պատճառով տերը որոշեց մորթել։
Շուրջը նստած գյուղի բնակիչները տաքանում էին արևի տակ և գյուղի նորություններից ու դեսից դենից խոսում, ով գնացել է Ռուսաստան արտագնա աշխատանքների։ Գյուղացիները բողոքում են, թե ինչ կարելի է անել, եթե չգնան վաստակելու այլ երկիր: Սնունդը, որը պատրաստում են գյուղում արժեզրկված է: Նրանց խոսքերով գյուղի ծանր աշխատանքը ոչ մի շահույթ չի բերում։
«Կարտոֆիլը, ձուն, պանիրը, միսը՝ կոպեկներ արժեն։ Ինչ իմաստ ունի արտադրել, եթե ոչ միայն նորմալ գին չենք կարող ուզել սննդի համար, այլև ծախելն էլ անհնարին է։ Չեն առնում, իսկ աշխատանքը շատ ծանր է», – ասում է գյուղի բնակիչներից մեկը, ով մնացածների հետ հետևում էր, թե ինչպես են կտրատում միսը։
Ղասաբների աշխատանքին (այդպես են անվանում նրանց, ով մորթում և կտրատում է միսը) հետևում էին ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք, ջահելները, իսկ փոքրերը, ում համար գյուղում ոչ մի հետաքրքրություն չկա, ամենաուշադիր հետևողներն էին։
Տրկնա գյուղի բնակիչները բողոքում են, որ իրենց գյուղում նույնիսկ դպրոց չկա։ 4-ամյա դպրոցը Տրկնայում փակել են և երեխաները ստիպված գնում են հարևան Զակ գյուղի դպրոց, որպեսզի տառաճանաչ դառնան։
Ղասաբները մսի մաքրումից հետո սկսեցին կտրատել այն, իսկ հետո դրեցին փայտե սեղանը, որպեսզի կշեռքը հավասար մակարդակի լինի և այդ սեղանին դրեցին ծանր սովետական կշեռքն ու ծանրաձողերը, որ ոչ տերը և ոչ էլ գնորդը չխաբվեն։
Կանայք, ովքեր մինչ այդ հանգիստ խոսում էին՝ հավաքվեցին մսի մոտ, ամենը ցույց էին տալիս այն կտորը, որը հավանում էին։ Միսը կշռում դնում էին տոպրակի մեջ և տալիս էին տանտիկիններին։
Գյուղում բոլորը իրար օգնում են, հավաքված հարևաններն ու բարեկամները կիլոգրամներով գնում են կենդանու միսը, հո չեն թողնի տիրոջը դժբախտության հետ մենակ։
Մնացած միսը տերը կվաճառի մյուս գյուղերում բնակվող բարեկամներին, արդեն իսկ պատրաստ է ցուցակը, ում և ինչքան պետք է միս տանեն։
Քրիստինե Մարաբյան