Մայիսի 2-ին, Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Մի շարք փողոցներ են փակվել, մարդիկ վանկարկում են՝ «Նիկոլ դավաճան»: Ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:

Խաղաղ անհնազանդության ակցիաներին մասնակցում են նաև «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները, ՀՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» անդամներ։ Արդեն փակ է 14 փողոց։

Քաղաքացիները փակել են Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկը, ոստիկանները փորձել են հետ մղել մարդկանց, մի քանի հոգու բերման են ենթարկել: Հրմշտոցի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ, նրան օգնության են հասել շտապ օգնության բժիշկները։

Երևանի կենտրոնում մեծ թվով ոստիկաններ են՝ սև հատուկ դիմակներով: Մասնավորապես, մեծ թվով ոստիկաններ են կուտակված Հերացի-Կորյուն խաչմերուկում:

Իսկ Տիգրան Մեծ պողոտայում իրավիճակը լարված է:

Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնել են, որ այդ գործողությունների ընթացքում Հայաստանի ոստիկանությունն այս պահի դրությամբ բերման է ենթարկել 189 անձի։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):

Հիշեցնենք, որ նախօրեին ընդդիմադիր ուժերը Երևանում վրաններ էին տեղադրել և գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ է արել որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։