Ախալքալաքի տեսքի բարելավման նպատակով, քաղաքապետարանի որոշմամբ քաղաքի կենտրոնական փողոցներից կտեղափոխվեն վագոն-տնակները։

Վագոն-տնակները Ախալքալաքի կենտրոնում բավականին շատ են, դրանք ծառայում են որպես կոշկակարի կամ դերձակի արհեստանոց, հեռախոսի վերանորոգման կամ մանր առևտրային սրահներ։

«Այս որոշումը քաղաքի գեղեցիկ տեսքի ապահովման համար է, որ թե՛ քաղաք մտնող զբոսաշրջիկին հաճելի լինի և թե՛ քաղաքի բնակչին։ Տեղափոխվող սրահների համար քաղաքապետարանը այլընտրանքային տարբերակ կառաջարկի», – մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը։

Քաղաքապետի խոսքով 60-70 տոկոս վագոններ ունեցողներին արդեն զգուշացրել են։ Ով, որ չի կարողանա սեփական ուժերով հեռացնել, քաղաքապետարանը պատրաստակամ է օգնելու:

Մենք փորձեցինք զրուցել վագոնների տերերի կամ վարձակալությամբ օգտագործողների հետ: Նրանցից ոմանք դեռ տեղեկացված չէին որոշմանը։ Տեղյակներն էլ անորոշ վիճակում են, սպասում են հանդիպման և առաջարկվող այլընտրանքին։

Մեր զրուցակիցներից ոմանք առաջարկում են քաղաքի տեսքի բարելավման համար վերանորոգող աշխատանքներ իրականացնել և դիզայներական հետաքրքիր լուծումներով գեղեցիկ շունչ հաղորդել Ախալքալաքին, իսկ ոմանք էլ վստահություն հայտնեցին, որ իրենց խցիկները ոչ ոք չի տեղափոխի։

jnews-ը հետևողական կլինի Ախալքալաքի տեսքի բարելավման գործընթացին:

Սոնա Տոնականյան