«Վաչիան» պարային համույթը մասնակցեց հայ-վրացական «Բարեկամություն 2018» չորրորդ մանկապատանեկան փառատոնին:

Մարտի 17-18-ը Հայաստանի հոգևոր մայրաքաղաք՝ Էջմիածնում տեղի ունեցավ հայ-վրացական թվով չորրորդ մանկապատանեկան ստեղծագործական փառատոնը: Կազմակերպիչը «Մինորա» մշակութային կենտրոնն էր: Ամեն տարի փառատոնին Վրաստանից բազմաթիվ համույթներ են ներկայանում:

Ախալքալաքից փառատոնին ներկայացել է «Վաչիան» պարային համույթը: Մասնակցության ծախսերը հոգացել է Ախալքալաքի քաղաքապետարանը: Վաչիան պարային համույթը փառատոնին ներկայացել է երեք պարային համարներով:

«Մասնակիցները վերադարձել են տպավորված ու ոգևորված: Նման փառատոնները լավ հնարավորություն են տալիս կատարելագործվելու, հմտանալու քո գործում: Մեզ համար մեծ պատիվ է, որ Հայաստանում կարողացանք մեր ներկայությամբ ու մասնակցությամբ բարձր պահել մեր շրջանի ու երկրի անունը: Շնորհակալություն Ախալքալաքի քաղաքապետարանին, որ մեզ հնարավորություն ընձեռնեց մասնակցելու փառատոնին», – ասաց Վաչիան պարային համույթի ղեկավար Նասլեթ Քեյանը:

paraton

Հայ-վրացական «Բարեկամություն» մանկապատանեկան փառատոնը երկու հարևան երկրների մշակույթների յուրօրինակ «հանդիպում» է, որը փորձի փոխանակման հրաշալի տարբերակ է ինչպես հայաստանյան պարային համույթների, այնպես էլ վրաստանյան:

Նշենք, որ հայ-վրացական «Բարեկամություն 2018» չորրորդ մանկապատանեկան փառատոնի ոչ մի մասնակից առանց պարգևի ու խորհրդանշական նվերի չի մնացել:

Աղունիկ Այվազյան