Ախալքալաքում 4 գովազդային վահանակ՝ բիլբորդ կա: Դրանցից 2-ը լրիվ դատարկ են, իսկ 2-ի միայն մի կողմերն են փակցված գովազդով:
Գովազդային վահանակները, որոնց մի կողմը զբաղված է, պատկանում են Alma ընկերությանը։ Մեկը գտնվում է Ախալքալաքի Ազատության փողոցի վրա, «Ավերսի» դեղատան մոտ, իսկ մյուսը Ախալցիխե տանող ճանապարհի սկզբին։
Մնացած երկու վահանակները ազատ են։ Մեկը գտնվում է Ազատության փողոցի վրա, իսկ մյուսը Խուլգումո գյուղի մոտ։
Ազատության փողոցի վահանակը, ըստ մոտակա մեքենաների սպասարկման կենտրոնի աշխատակիցների, պատկանում է պատգամավոր Հենզել Մկոյանին։
“Այս գովազդային վահանակը կանգնեցրել էին, որպեսզի ընտրությունների ժամանակ (2016 թ. խորհրդարանական ընտրություններ) Հենզել Մկոյանի նկարով պաստառ փակցնեն, դրանից հետո ազատ է, ոչ մի բան չեն փակցրել”, – ասաց աշխատակիցներից մեկը։
Խուլգումոյի մոտակայքում գտնվող բիլբորդը ևս ներկա դրությամբ դատարկ է, սակայն այնտեղ կարող է լինել միայն դիմացի շինարարական խանութի գովազդային պաստառը։
“Այդ բիլբորդը մենք ենք կանգնեցրել, կարող ենք գովազդել միայն մեր խանութը, սակայն ուրիշների գովազդները չենք կարող ընդունել, քանզի նոր պետք է սկսենք տարածքը վարձակալելու գործերով զբաղվել”, -ասաց խանութի աշխատակից Արտակ Մանվելյանը։
Այսինքն՝ գովազդ ունեցողները կարող են օգտվել միայն Alma ընկերության գովազդային վահանակներից։ Բիլբորդը կարող են վարձակալել ինչպես հեռախոսազանգի, այնպես էլ առցանց պատվերով։ Նրանց կայքի վրա ներկայացված է յուրաքանչյուր շրջան, գովազդի պաստառի չափսը և այլ մանրամասնություններ, ինչը օգտակար կլինի հաճախորդներին։
Գովազդային բիլբորդների մշակույթը դեռ զարգացած չէ Ախալքալաքում, բայց աշխարհի տարբեր երկրներ հայտնի են իրենց բիլբորդներով, և գովազդային ընկերությունները փորձում են բիլբորդների ներկայացման նորանոր հետաքրքիր լուծումներ գտնել։
Արտաքին գովազդը, գրաֆիկական, տեքստային կամ գովազդային բնույթի այլ տեղեկատվություն է, որը տեղադրվում է բաց տարածության մեջ գտնվող ժամանակավոր կամ մշտական հատուկ վահանակների վրա: Կարող է տեղադրվել նաև շինությունների արտաքին մակերեսին, փողոցային սարքավորումների տարրերի վրա, ճանապարհներին:
Գայանե Ակոջյան