Այսօր Ախալքալաքի Երաժշտական դպրոցում մայրերի պատվին կայացավ համերգ, իսկ նկարչական դպրոցում տեղի ունեցավ աշակերտների աշխատանքների ցուցահանդես:
Երաժշտական դպրոցի համերգին ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը, ինչպես նաեւ Ախալքալաքի Սակրեբուլույի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Սակրեբուլոյի պատգամավորներ, ուսուցիչներ, ծնողներ և քահանա Տեր Տաթև Մարուքյանը:
Հյուրերը գոհ էին երաժշտական դպրոցի աշակերտների, ինչպես նաև փոքրիկ Ալլա Չտչյանի ելույթից, ով հուզեց բոլորին մոր մասին բանաստեղծության հուզական ընթերցմամբ:
Երաժշտական դպրոցի աշակերտները դաշնամուրի, ակորդեոնի, կիթառի վրա նվագեցին հայ և վրացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Համերգից հետո Տեր-Տաթև Մարուքյանը շնորհակալություն հայտնեց երեխաներին և շնորհավորեց մայրերին նրանց տոնի առթիվ: Համերգից հետո Ախալքալաքի քաղաքապետարանը բոլոր մայրերին նվիրեց վարդեր:
Մայրության տոնը շարունակվեց նկարչական դպրոցում, որտեղ անցկացվեց երեխաների աշխատանքների ցուցահանդես: Ցուցահանդեսից բացի, նկարչական դպրոցի փոքր աշակերտները նույնպես պատրաստել էին մայրերին նվիրված բանաստեղծություններ:
Նկարչական դպրոցի տնօրեն Կառլեն Կարապետյանը ներկաներին պատմեց դպրոցի ու հաջողության հասած աշակերտների մասին: Նրա խոսքերով, դպրոցում սովորում են տարբեր տարիքի շուրջ 40 երեխա:
Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը նշեց, որ յուրաքանչյուր ցուցահանդեսով աշակերտների աշխատանքներն ավելի լավ են:
«Ես շատ տպավորված եմ ցուցահանդեսով ու ուրախ եմ, որ դպրոցում սովորում են այսքան երեխաներ: Երկրորդ անգամ եմ հաճախում նկարչական դպրոցի ցուցահանդեսին: Երեխաների նկարներում մեծ առաջընթաց կա », – ասաց Հենզել Մկոյանը:
Քաղաքի կենտրոնում տոնական տրամադրություն էր տիրում: Երեկվանից Ախալքալաքի կենտրոնական հրապարակի մուտքերում կախված էին «Սիրում եմ քեզ մայրիկ» մակագրությամբ պաստառներ:
Վրաստանում մարտի 3-ը նշվում է որպես մայրության օր: Տոնը Վրաստանում ընդունվել է Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի առաջարկով, իսկ 1991 թ.-ին այս տոնը նշելու որոշումը օրինականացվել է Վրաստանի Գերագույն խորհրդի կողմից: Այդ ժամանակ ենթադրվում էր, որ Մայրության օրը կփոխարինի Վրաստանում Կանանց միջազգային օրվան, որը ավանդաբար նշվում է մարտի 8-ին: Սակայն երկու տոներն էլ նշվում են Վրաստանում, իսկ Ջավախքում, նաև՝ ապրիլի 7-ը, հայ մայրերի օրը:
Շուշան Շիրինյան