Վրաստանի Ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ Վրաստանի փոխվարչապետ և Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ ժամանել է Հայաստան:

Փետրվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը, պատվիրակության կազմում են Ներքին գործերի փոխնախարար Լևան Կակավան, Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության Կենտրոնական վարչության պետ Թորնիկե Մուշուկուդիան ու այլ պաշտոնատար անձինք:

Հայաստանի ոստիկանությունը կազմակերպել էր հանդիսավոր արարողություն վրացի գործընկերների պատվին: Որից հետո ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի Ներքին գործերի նախարարության պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին, Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի ոստիկանության կառույցների միջև ավանդական գործընկերությունը և շեշտել այն արդյունքները, որոնք արդեն գրանցել է երկու բարեկամ երկրների իրավապահ մարմինների համատեղ աշխատանքը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Գիորգի Գախարիան համոզմունք է հայտնել, որ ոստիկանության կառույցների սերտ համագործակցությունը հանցագործության դեմ պայքարում կխորանա, հաշվի առնելով մարտահրավերների դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտությունը:

Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է Հայաստանի ոստիկանության ղեկավարության վճռականության մասին, որը գտնվում է ամուր հիմքերի վրա, ընդգծելով իրավապահ մարմինների աշխատակիցների անմիջական և ամենօրյա փոխհամագործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Վերջում Վլադիմիր Գասպարյանը Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային, համագործակցության ամրապնդման համար, պարգևատրել է մեդալով, հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Վրաստանի Ներքին գործերի նախարարության պատվիրակությունը, Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ այցելել է նաև «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր:

Գախարիան ծաղկեպսակ է դրել Հավերժական կրակի մոտ, ծանոթացել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նյութերին և «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի այգում եղևնի է տնկել: