Հունվարի 19-ին Վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Աստվածահայտնության տոնը։ Ավանդույթի համաձայն հավատացյալներն ու հոգևոր դասը սուրբ պատարագից հետո մասնակցում են ջրօրհնեքի արարողությանը:

Խոսպիո գյուղի սուրբ Գիորգի եկեղեցում մկրտության արարողությունից հետո հավատացյալները հայր Ալեքսանդրի գլխավորությամբ այցելեցին գետի ափ, որտեղ հոգևոր հայրը կատարեց ջրօրհնեքի արարողությունը, ինչպես նաև կնքեց երկու երիտասարդների։

Ջավախքի թեմի ավագ երեց Ալեքսանդր Կասրաշվիլին նշում է․ «Այս օրը շատ մեծ օր է ամբողջ քրիստոնյա աշխարհի համար, քանի որ հենց այս օրը Հիսուս Քրիստոսը մտավ Հորդանան գետը։ Այդ ժամանակ երկնքից ձայն է լսվել՝ Հայր Աստծո ձայնը և նաև աղավնու կերպարանքով երկնքից իջել է Սուրբ Հոգին։ Այս օրը մենք նաև անվանում ենք մկրտության տոն, քանի որ Հիսուս Քրիստոսը մկրտվել է Հորդանան գետում, մեղքերից ազատվելու համար, չնայած, որ նրան դա պետք չէր, քանի որ նա անմեղ և մաքուր մարդ Աստվածն էր, սակայն նա իր մկրտությամբ օրինակ ծառայեց մարդկությանը և ցույց տվեց, որ եթե մարդիկ ցանկանում են ազատվել մեղքերից, անպայման պետք է մկրտվեն»։

1

Կնունքի արարողությունից հետո հավատացյալները ևս մտան գետի ջուրը, որը ապաշխարելու, մեղքերի թողություն ստանալու խորհուրդն է կրում։
2

Չնայած ձմեռային ցուրտ եղանակին այս մարդիկ գետն էին մտնում հոգիները ջերմացնելու ակնկալիքով։

Սոնա Տոնականյան