Այսօր՝ մայիսի 21-ին, Ախալքալաքի երեք դպրոցներում տեղի ունեցավ Վերջին զանգի միջոցառումը: Ախալքալաքի դպրոցներում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կիրառված սահմանափակումների պատճառով, Վերջին զամգն այս տարի անցավ առանց ամենամյա շքեղությունների:
Այսօր Ախալքալաքի թիվ 1, թիվ 2 և թիվ 5 հանրային դպրոցներում հնչեց վերջին զանգը: Թիվ 1 դպրոցում այս տարի հրաժեշտ տվեցին իրենց ուսուցիչներին 33 շրջանավարտներ, որոնցից 2-ն արծաթե մեդալի հավակնորդներ են, իսկ 3-ը` ոսկե:
Թիվ 5 դպրոցն ունի 12 շրջանավարտ:
Թիվ 2 դպրոցն ունի 28 շրջանավարտ, որոնցից 2 շրջանավարտ ոսկե մեդալի հավակնորդներ են, երեքը` արծաթե:
Ախալքալաքի մյուս երկու դպրոցները՝ թիվ 3 և թիվ 4 դպրոցները, միջոցառումն անցկացրել էին ավելի շուտ: Դեմիրճյանի անվան թիվ 4 հանրային դպրոցն ունի 43 շրջանավարտ, իսկ թիվ 3 դպրոցը՝ 14:
Այս տարի, Կրթության նախարարության որոշմամբ, վերջին զանգի միջոցառումը չէր արգելվել, սակայն արգելվել էր ծնողների ներկայությունը միջոցառմանը:
Որոշ դպրոցներ թույլ չէին տվել ծնողներին մուտք գործել, և նրանք իրենց զավակներին նայում էին ցանկապատից: Որոշ դպրոցներում թույլատրվել էր մեկական ծնող, իսկ որոշ գյուղերի դպրոցներում վերջին զանգը ղողանջել էր սովորականի պես՝ մարդաշատ: