Համբարձում Կրճացյանը Ախալքալաքում, ձորի պռնկին գտնվող սեփական տան բակում 15-ից ավելի շների համար հարմարավետ կացարան է ստեղծել:

4
Ջորջ Բայրոնին, Ադոլֆ Հիտլերին, Փոլ Մաքքարթնիին և ջավախքցի Համբարձումին միավորում է շների հանդեպ մեծ սերը: Բայրոնը Քեմբրիջի Թրինիթի քոլեջ գնալուց շանը հետն էր տանում, Հիտլերը ազգանունը տվեց իր Վուլֆ (Գայլ) շանը, Մաքքարթնին «Կյանքի օրը» երգի վերջում միայն շների համար լսելի սուլոց ձայնագրեց: Իսկ Համբարձում Կրճացյանը Ախալքալաքում շների համար կացարան ստեղծեց:

Համբարձումի խոսքով, շները նրա համար ընտանիքի անդամ են, հոգ է տանում, կերակրում, հիգիենայով է զբաղվում, անհրաժեշտության դեպքում ինքնուրույն բուժօգնություն ցուցաբերում: Պատմում է, որ մի անգամ, երբ շներից մեկի լյարդն է ցավել, նա բավականին թանկարժեք դեղորայք է առել ու բուժել: Մեր հարցին, թե ինչպե՞ս է իմացել, որ հենց շան լյարդն է ցավում, անվարան պատասխանեց.

«Աչքերի փայլը կորել, դեղնել էր, հասկացա ցավն ու բուժեցի, առաջին անգամը հո չէր»:

Առանձին կացարաններում կովկասյան տարբեր ցեղատեսակների շներ է պահում, որոնց անընդհատ հոգատարություն ու սեր է անհրաժեշտ: Նա մանկուց է շներ պահել, այս կենդանիներին մտերիմ բարեկամներ է համարում և կարևորում է նրանց ցեղատեսակը. «Շներն էլ են մարդկանց նման, եթե լավ ցեղից են, ազնիվ արյուն ունեն, ուրեմն անդավաճան են»:

3

Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք վաճառում է շներին:

«Դեռ միայն քոթոթներ եմ վաճառել, այն էլ իրենց համար սնունդ առնելու նպատակով: Գարի եմ գնում, միս, դեղեր գումար է անհրաժեշտ լինում», – մեկնաբանեց Համբարձումը:

Նա շատերին է նվիրել շներ՝ պայմանով, որ լավ պահեն ու հոգ տանեն սիրելի կենդանիներին:

2

Այստեղ պահվող շների ցեղատեսակները հայտնի են նաև շների մարտական ակումբներում ներգրավվածությամբ: Սակայն, ինչպես պնդում է Համբարձում Կրճացյանը, չնայած իր շների մեջ կան տարբեր լիգաների չեմպիոնների ձագեր, սակայն ինքը դեմ է մարտի բռնվելուն և իր շներին երբեք նման ակումբներ չի տարել, որովհետև կարծում է, որ շանը պետք է սիրել սեփական երեխայի պես:

1

Ախալքալաքում արդի հարցերից է անօթևան շների խնդիրը: Վերջերս հատուկ միջոցներ են ձեռնարկվում քաղաքի փողոցներից թափառական շներին կենդանիների ապաստարան տեղափոխելու համար: Փողոցում թափառական ու սոված շները ագրեսիվ են դառնում և վտանգավոր մարդկանց համար: Իսկ Ախալքալաքի անկյուններից մեկում շներին վերաբերվում են ինչպես ընտանիքի անդամին:

Սոնա Տոնականյան