Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում (ՀԱԿ) երեկ՝ հունվարի 27-ին, հաստատվել է կորոնավիրուսային վարակի 30 նոր դեպք։ Ախալքալաքում մեկ անձի մոտ պաշտոնապես հաստատվել է «Օմիկրոն» շտամը։

Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում երեկ անցկացվել է կորոնավիրուսի 172 թեստ, որից 155-ը՝ հակագենի, 17-ը՝ ՊՇՌ մեթոդով, արդյունքում, 30 թեստ տվել է դրական արդյունք։ Ախալքալաքում գրանցվել է «Օմիկրոն» շտամ։ Այն հայտնաբերվել է Կարզախի սահմանապահ ծառայության աշխատակցի մոտ։

Ախալքալաքի մունիցիպալիտետում 439 մարդ ինքնամեկուսացման մեջ է։

Ախալքալաքի մունիցիպալիտետում այս պահին կարանտինի պատճառով փակ է երկու դպրոց՝ Ախալքալաքի Թիվ 1 հանրային (Թումանյանի անվան) դպրոցը և Խանդո գյուղի դպրոցը։

Հանրային առողջապահության կենտրոնից հայտնում են, որ վաղը ամենայն հավանականությամբ կարանտինի անցնելու պատճառով կփակվեն Թիվ 4 (Դեմիրճյանի անվան) և Վարևան գյուղի դպրոցը։ Այս դպրոցների աշխատակիցների մոտ ախտորոշվել է COVID-19, Հանրային առողջապահության կենտրոնը խորհուրդ է տվել փակել դպրոցները և անցնել կարանտինի։