Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ Նինոծմինդայի շրջանի Սակրեբուլոյի առաջին նիստը, որի ժամանակ հին նախագահը կրկին վերընտրվեց:
Ըստ ռադիո ՆՈՐ–ի Նինոծմինդայի շրջանի Սակրեբուլոյի նախագահ է վերընտրվել` Սմբատ Կյուրեղյանը, իսկ փոխնախագահ` Կոնստանտին Վարդանյանը: Քսանվեց պատգամավորներից 25-ը քվեարկել են նորընտիր նախագահի օգտին:
Օրակարգի ընթացքում հաստատվեց նաև Սակրեբուլոյի անդամների լիազորությունները, ստեղծվեց «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» խմբակցությունը: Նիստի ընթացքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` Սմբատ Կյուրեղյանի հայրը, Սեյրան Կյուրեղյանը ներկայացրեց ընտրությունների արդյունքները և շնորհավորեց բոլոր պատգամավորներին, մաղթելով նրանց առողջություն, հարգանք և վստահություն միմյանց նկատմամբ:
Սակրեբուլոյի նորընտիր նախագահ Սմբատ Կյուրեղյանն իր երախտագիտությունն է հայտնել Նինոծմինդայի շրջանի բնակչությանը` վստահելու և քվեարկելու համար` «Վրացական երազանք» կուսակցության օգտին:
«Այսօր կայացավ Սակրեբուլոյի առաջին նիստը և ձևավորվեց Ժողովը, ընտրվեց նախագահը, և նրա տեղակալը: Հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը մեր ժողովրդին, և այս 4 տարիների ընթացքում ես պիտի հատուցեմ, և չեմ հիասթափեցնի նրանց: Եթե կա հնարավորություն, առնվազն 1% շանս, դա պետք է օգտագործել, որպեսզի բարելավենք մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը և լուծենք բարձրլեռնային շրջանի բնակչության խնդիրները, այն դարձնելով ավելի հեշտ: Եվ ամենակարևորը, մեզնից պահանջվող ամեն գործ, պետք է ունենա բացարձակ դրական որոշում: Դա մեր քաղաքապետի` տիկին Անիի հետ մեր գործն է, միասին լուծել այն խնդիրները, որոնց լուծումը մեզնից ակնկալում է բնակչությունը», – խոստացել է Սմբատ Կյուրեղյանը:
Սակրեբուլոն (Շրջանային ժողովը) կանցկացնի արտահերթ նիստ, որտեղ կընտրվեն հանձնաժողովների և խմբակցությունների նախագահները: