Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրն անցավ, սակայն նախընտրական քարոզչության պաստառներն ու բաններները դեռևս մնում են Ախալքալաքի ու շրջանի փողոցներում:
Երբ և ով է պատասխանատու քաղաքը քարոզչական նյութերից մաքրելու համար:
Այս տարի Ախալքալաքը ակտիվ էր նախընտրական շրջանում: Սա երևում է պաստառների և բաններների բազմազանությունից, որոնք փակցված են քաղաքի փողոցներում, տների պատերին և ամենուր, որտեղ թույլատրվում էր դրանք սոսնձել: Հաճախ կարող ենք մի պատի վրա, տեսնել բոլոր թեկնածուների պաստառները:
Ընտրություններն արդեն ավարտվել են, և այժմ բոլոր քաղաքական սուբյեկտները, այսինքն` ընտրություններին մասնակցած կուսակցությունները պետք է հոգան այն մասին, որ փակցրած քարոզչական պաստառները հեռացնեն պատերից: «Վրաստանի ընտրական օրենսգիրքը» (հոդված 46) սահմանում է այն ժամանակահատվածը, երբ ամեն ինչ պետք է մաքրվի:
«Ընտրությունների վերջնական արդյունքների պաշտոնական հրապարակումից 15 օրվա ընթացքում համապատասխան ընտրական սուբյեկտը պարտավոր է ապահովել քարոզչական նյութերի մաքրումը, հակառակ դեպքում այն պատասխանատվություն կկրի Վրաստանի օրենսդրությամբ»:
Ճիշտ է, Վրաստանի 5 շրջաններում անցկացվելու է երկրորդ փուլ, սակայն Ախալքալաքում ընտրությունները կայացան և «Վրաստանի ընտրական օրենսգրքի» համաձայն՝ ոչ ուշ, քան ընտրությունների օրվանից՝ հոկտեմբերի 21-ից 19 օր հետո, ԿԸՀ-ն պետք է հայտարարի ընտրությունների վերջնական արդյունքները:
Շուշան Շիրինյան