Ախալքալաքում ՏԻՄ (Տեղական Ինքնակառավարման մարմիններ) ընտրություններն առանձնացան անվավեր քվեների առատությամբ:

Քաղաքապետի գրանցված 6 թեկնածուների հետ ընտրությունների օրը, հոկտեմբերի 21-ին լուռ մրցակցում էր «անվավեր թեկնածուն»: Նա հավաքել է 902 քվե, այդպիսով հավաքած քվեների քանակով առաջ է անցել 3 թեկնածուից՝ Ռուբեն Մկրտչյանից, Զուրաբ Օզգեբիշվիլիից և Հարություն Ալեքսանյանից, զիջել է միայն 3 թեկնածուի՝ Մելիք Ռաիսյանին, Սամվել Պետրոսյանին և Յուրիկ Ունանյանին (նախնական տվյալներով Ախալքալաքի քաղաքապետ է ընտրվել):

Ընդամենը 110 ձայն պակասեց լուռ «անվավեր թեկնածուին» հայտնվելու 3-րդ պատվավոր հորիզոնականում: Մելիք Ռաիսյանը հավաքել է 1012 ձայն, իսկ անվավեր թեկնածուն՝ 902 ձայն:

Անվավեր քվեաթերթիկներն ամբողջ աշխարհում համարվում են բոյկոտ՝ ընտրություններին: Այդպիսով ընտրողն իր կամարտահայտությունն է դրսևորում:

Ախալքալաքի ընտրական շրջանի 70 ընտրատարածքներից միայն 7-ում՝ №15, №38, №39, №41, №42, №53, №65 բացակայում են անվավեր քվեաթերթիկները: Որից երեք՝ №38 (Բուզավեթ), №39 (Թախչա), և №41 (Ֆիլիպովկա) տեղամասերում բացարձակ անվավեր քվեաթեթրիկ չի գրանցվել: Թվով 4 տեղամասերում՝ №15 (Կորխ), №42 (Կոթելիա), №53 (Ազմանա) և №65 (Խորենիա) անվավեր քվե չի գրանցվել մեծամասնական քվեաթերթիկներից: Եվ №42 (Կոթելիա) ընտրատեղամասում ոչ մի անվավեր քվե չի գրանցվել քաղաքապետի քվեաթերթիկներում:

Անվավեր քվեներով առաջին տեղում է հայտնվել №25 (Վաչիան) ընտրատեղամասը 206 քվեով, որից 67 քաղաքապետի, 86 կուսակցական և 53 մեծամասնական ընտրակարգով քվեաթերթիկ:

Անվավեր քվեաթերթիկներով երկրորդ տեղում է №05 (Ազավրեթ) ընտրատեղամասը՝ 140 ձայն, որից 82 քաղաքապետի, 43 կուսակցական և 15 մեծամասնական ընտրակարգով քվեաթերթիկ:

Այսպիսով, կուսակցական ցուցակներում անվավեր քվեների թիվը 816 է, մեծամասնականով՝ 721 քվե, իսկ քաղաքապետի քվեաթերթիկները՝ 902: Ընդհանուրը անվավեր է ճանաչվել 2439 քվեաթերթիկ:

Աղունիկ Այվազյան