«Ցիանիդի» գործով մեղադրվող հոգևորական Գիորգի Մամալաձեն դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: 8 ամիս տևած հետաքննության արդյունքում պարզվեց, որ Մամալաձեն փորձել է դիտավորյալ սպանել Վրաց Ուղղափառ եկեղեցու Պատրիարք Կաթողիկոս Իլիա Երկրորդի քարտուղար Շորենա Թեթրուաշվիլիին:

Դատավճռի հայտարարման ժամանակ Գիորգի Մամալաձեն ներկա չի գտնվել: «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան անդրադառնալով խնդրին քահանային առաջարկել է փաստաբանի անվճար ծառայություն:

«Ես փաստաբանների ասոցիացիայի անդամ եմ: Առաջարկում եմ Գիորգի Մամալաձեին իմ ծառայություններն անվճար և իր փաստաբանների հետ միասին», – հայտարարել է Գվարամիան:

Հիշեցնենք, որ Գիորգի Մամալաձեն ձերբակալվել է այս տարվա փետրվարի 10-ին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, երբ նա ուղևորվում էր Բեռլին: Այդ ժամանակ այնտեղ բուժվում էր Վրաստանի Պատրիարք Իլիա II-ը: Նրա ճամպրուկի մեջ իրավապահ մարմինները հայտնաբերել են թունավոր նյութ` ցիանիդ:

Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը:

Լուսինե Աստոյան