Ավելի քան 50 հրշեջներ և մոտ 10 միավոր հատուկ տեխնիկա ներգրավված են Թբիլիսիի Մթածմինա լեռան լանջին հրդեհը հանգցնելու գործում, ասվում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության հայտարարությունում:

Մթածմինդա լեռան վրա հրդեհ է բռնկվել կեսօրին: Հրդեհի վերաբերյալ հաղորդագրությունը ստացվել է Արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոն` «112», ժամը 13:33-ին: Առաջին հրշեջ ծառայությունները դեպքի վայր են ժամանել հինգ րոպե անց: Նախնական տվյալներով այրվում է չոր բուսականությունը:

«Հրշեջ-փրկարարական տեխնիկայի և հրշեջ-փրկարարների մոբիլիզացիան հրդեհի օջախ իրականացվել է երկու ուղղություններից: Ջրի օպերատիվ մատակարարումը գալիս է հիդրանտից, որը գտնվում է Մթածմինդայում: Հրդեհի արդյունավետ տեղայնացման համար ՆԳՆ-ի ուղղաթիռը միացել է հրդեհի հանգցման գործընթացին», – ասված է հայտարարության մեջ:

Սա վերջին հինգ ամիսների ընթացքում արդեն երկրորդ հրդեհն է Մթածմինդա լեռան վրա: Առաջին հրդեհը սկսվեց օգոստոսի 8-ի ուշ երեկոյան:

Այն ժամանակ, չնայած դժվարին տեղանքին, հրշեջները կարողացան մի քանի ժամվա ընթացքում տեղայնացնել հրդեհը, իսկ հետո վերացնել այն: Հրդեհի հետևանքով ավերվել է երկու հեկտար անտառային զբոսայգի:

Մթածմինդայի գագաթին տեղադրված են Թբիլիսիի հեռուստատեսային աշտարակը, ամենամեծ քաղաքային զբոսայգին ատրակցիոններով, ֆունիկուլյորի վերին կանգառը, և հայտնի ռեստորանը: Լեռան լանջին գտնվում է Սուրբ Դավթի (Մամա-Դավիթի) եկեղեցին և բազմաթիվ նշանավոր մարդկանց գերեզմաններով պանթեոնը` հայտնի գրողներ, արվեստագետներ, գիտնականներ և ազգային հերոսներ: