Արտյոմ Յորդանյանը հաղթեց «Կլիչկո եղբայրների մրցանակ» միջազգային մրցաշարում` նվաճելով Կլիչկո եղբայրների անվան չեմպիոնական գոտին:
Օգոստոսի 15-19-ը Ուկրաինայի Բերդիչևե քաղաքում անցկացվեց բռնցքամարտի միջազգային երիտասարդական առաջնություն: Առաջնությանը մասնակցում էին 15 երկրներից ժամանած մարզիկներ: Վրաստանից մասնակցում էին 8 մարզիկներ, տարբեր քաշային կարգերում:
Օգոստոսի 19-ին ջավախցի Արտյոմ Յորդանյանը հանդես եկավ 91 կիլոգրամ քաշային կարգում պրոֆեսիոնալ մենամարտում հաղթեց ֆին մարզիկ Ալիև Քրենարին:
Արտյոմի խոսքով, նա ինտենսիվորեն պատրաստվում էր առաջնությանը, նախ մարզվում էր Ատոմ Էլիզբարյանի ղեկավարությամբ Ախալքալաքում, հետո 10 օրով մեկնել է Ուկրաինա` վերապատրաստման:
«Ինձ համար այս հաղթանակը մեծ նշանակություն ունի, քանի որ դեռ նման բան չէր եղել, որ ես դառնամ ամբողջ առաջնության լավագույն բռնցքամարտիկ», – ասաց Արտյոմ Յորդանյանը:
Այս հաղթանակը նրան շատ հեշտ չտրվեց, քանի որ նա արժանի մրցակիցներ ուներ, և նրանցից յուրաքանչյուրը իր երկրի չեմպիոնն էր:
Այս պահին Արտյոմը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա 2 ամսից:
Մարգարիտա Խասանշինա