Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում 13 հոգանոց ընտանիքը ապրում է երկու սենյականոց կիսաքանդ տանը, որի տանիքը փլուզման վտանգի տակ է:

Տիկին Իրինան իր բազմանդամ ընտանիքի կարիքները հոգալու համար ոչխար է արածեցնում, սակայն մի հոգու աշխատանքը չի բավականացնում 13 անդամի ծախսերը հոգալու համար։ Նա ամսական վաստակում է 150-170 լարի:

karcax2

Իրինա Միքայելյանը ապրում է երեք տղաների, հարսների ու վեց թոռների հետ:

karcax9

«Տղաներս ամուսնացած են ընտանիք ունեն, բայց առողջություն չունեն։ Տղաներիցս երկուսը հիվանդ են, մեկի ստամոքսն է ցավում, մյուսի` փայծաղը, իսկ փոքր տղայիս էլ հասարակ պատճառով բռնեցին, 3,5 տարի պայմանական ազատազրկման մեջ է, երկրից դուրս չի կարող գնալ, տեղում էլ աշխատանք չկա», – մեզ հետ զրույցում ասաց Միքայելյան Իրինան։

karcax1

Տունը՝ հին կառույց է և տանիքը հողածածկ է, առաստաղը կախվել է և ամեն վայրկյան կարող է փլուզվել, իսկ ընտանիքը հայտնվել բաց երկնքի տակ։ Տանիքը վերանորոգելու համար տիկին Իրինայի հաշվարկներով մոտավորապես 5000 լարի է հարկավոր, որը ինքը ի վիճակի չէ աշխատելու։

karcax7

«40 սոտ կարտոֆիլ եմ ցանել, պարարտանյութի փող չունեմ, կարելի է ասել անմշակ է մնացել, իսկ մյուս հողամասս վաճառել եմ, որ տղայիս ազատեմ։ Ուրիշ հողամաս էլ ունեի, հարուստները տարան անասուններին արածեցրին, մենք մնացինք ձեռնունայն», – ասաց Տիկին Իրինան։

karcax5

Երեխաներից չորսը դպրոցական են, և նրանց կարիքները հոգալու պարտականությունը նույնպես խնդիր է: Տանտիրուհին մեր այն հարցին, թե դպրոցական ծախսերը ինչպե՞ս են հոգում, պատասխանեց՝ «դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքները գյուղի մեծահարուստներից մեկն է ամեն տարի տալիս, իսկ մյուս ծախսերը մենք էլ չգիտենք ինչպես, բայց մի կերպ փակում ենք»։

Պետական օգնություն Իրինայի միայն մի տղան է ստանում 3-րդ երեխայի ծնվելու համար։
karcax6
Բազմանդամ ընտանիքի հոգսը ուսերին վերցրած Իրինան չնայած հուսահատված է և ոչ մի օգնության հույս չունի, սակայն հոգու խորքում լուռ սպասում է, որ այս ձմեռ գլխներին կունենան ամուր տանիք։

Ջուլիետա Տոնականյան