Ախալքալաքի հանրակրթական դպրոցների 11-րդ դասարանների աշակերտները հաջողությամբ հանձնեցին ավարտական քննությունները:
Հունիսի 18-21-ը 11-րդ դասարանցիները ավարտական քննություններ հանձնեցին 3 առարկաներից՝ աշխարհագրություն, կենսաբանություն, ֆիզիկա:
«Քննությունների արդյունքները շատ գոհացուցիչ են, բարձր գնահատականներով աշակերտները հանձնել են», – ասաց Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը:
Քննությունը նախապես հանձնելով երեխան ազատվում է 12-րդ դասարանում այդ առարկաները ուսումնասիրելու պարտականությունից:
Արմինեն հեշտությամբ կարողացել է հաղթահարել քննությունների արգելքը, հավաքելով բարձր միավորներ. «Աշխարհագրությունից ու կենսաբանությունից 10-ական բալ եմ հավաքել, իսկ ֆիզիկայից՝ 9-03 բալ: Ինձ համար հեշտ էր, ինչ դպրոցում անցել էինք, դա էր, օրինակ ֆիզիկայից շատ հարցեր եկան, չեմ հաշվել բայց երևի 40 հարց կլիներ», – ասաց Արմինե Փալանջյանը:
Քննությունները անցկացվում են էլեկտրոնային տարբերակով, յուրաքանչյուր հարցի համար տրվում էր 2,5 րոպե ժամանակ: Քննասենյակում 8 աշակերտ է նստում, որոնց հսկում են դիտորդները:
Արթուրը ուրախ է, որ հնարավորություն ունի մեկ տարի առաջ ավարտական քննությունների մի մասը հանձնելու, քանի-որ կկարողանա կենտրոնանալ քննական մյուս առարկաների վրա:
«Շատ լավ է, հիմա հանձնեցի, մյուս տարի թեթև կլինի, ազատ ժամանակ կունենամ, ինչ առարկայից որ քննություն հանձնել եմ, այդ առարկաները էլ դպրոցում չեմ անցնի: Կկարողանամ կրկնուսույցի մոտ պարապելու գնալ», – ասաց Արթուր Մոսոյանը, ով 3 քննությունն էլ բարձր միավորներով հանձնել է:
Աղունիկ Այվազյան