Երկու տարի առաջ սկսված Կարտիկամի դպրոցի հիմնովին վերանորոգումը գրեթե ավարտված է, մնացել են մանր վերանորոգման և մաքրման աշխատանքներ:
sport dahlij
Կարտիկամ գյուղի հանրային դպրոցի շենքը երկհարկանի, տիպիկ կառույց է, նախատեսված 600 աշակերտի համար: Դպրոցը վերանորոգվում է ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» (MCA Georgia) հիմնադրամի կողմից: MCA Georgia-ն դպրոցաշինության ծրագիրն իրականացնում է Վրաստանի կառավարության հետ համատեղ:

Երկու տարի Կարտիկամի դպրոցի վերանորոգման աշխատանքներն իրականացնում էր վրացական INTER PLIUSI ընկերությունը: Հիմնադրամի և աշխատանքներն իրականցնող ընկերության հետ պայմանագիրը կնքվել է երկու տարի ժամկետով՝ 2015 թվականի նոյեմբերի 19-ից մինչև 2017 թվականի հունիսի 3-ը: ինչը ենթադրում է, որ 2017-2018 ուսումնական տարում Կարտիկամ գյուղի աշակերտները պետք է իրենց դպրոցում սովորեին: Սակայն INTER PLIUSI ընկերությունը ոչ միայն չէր կարողացել ժամանակին ավարտին հասցնել վերանորոգման աշխատանքները, այլև չէր վճարել բանվորների աշխատավարձերն ու շինանյութերի գումարը:

Դպրոցի վերանորոգման աշխատանքները ֆինանսավորող MCA Georgia հիմնադրամը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը INTER PLIUSI ընկերության հետ և նոր պայմանագիր է կնքել մեկ այլ «Georgian Engineering» ընկերության հետ:

Օրերս Jnews-ը եղավ Կարտիկամի հանրային դպրոցում և տեղում ծանոթացավ վերանորոգման ընթացքին: Ընդարձակ ու լուսավոր միջանցքներ, սպորտ դահլիճ ու դասասենյակներ, բոլոր անհրաժեշտ սարքավորումներով հագեցված լաբորատորիաներ, մաքուր սանհանգույցներ: Թվարկվածը Կարտիկամի դպրոցի ներկայիս բարեկարգ վիճակն է:

kartikami dproc7

«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը դպրոցաշինության ծրագիրն իրականացնում է Վրաստանի կառավարության հետ համատեղ: MCA Georgia ամբողջովին իր վրա է վերցնում դպրոցի ներսի աշխատանքները, իսկ Կրթության և գիտության նախարարությունը պարտավորվում է իրականացնել ջրի, կոյուղու, լույսի և դպրոցի բակի ցանկապատման ու բարեկարգման աշխատանքները:

Գրեթե 300 աշակերտ է սովորում Կարտիկամի հանրակրթական դպրոցում: Երկու տարի է բարձր դասարանցիները երկրորդ հերթափոխով հաճախում են հարևան՝ Կուլիկամ գյուղի դպրոց, իսկ տարրական դասարանների երեխաները՝ գյուղում, վարձակալած բնակարանում:

Դպրոցի շենքը պատրաստ է ընդունել աշակերտներին, սակայն դեռևս աշխատանքներ կան իրականացնելու դպրոցի բակում, ցանկապատման, ասֆալտապատման, կանաչապատման և այլն:

«Georgian Engineering» ընկերությունը դեռևս չի հանձնել իրականացված աշխատանքները: Աշակերտներն անհամբերությամբ սպասում են, թե երբ են իրենց հարազատ դպրոցում կրթություն ստանալու:


Աղունիկ Այվազյան