«Ավրորա» մրցանակի երկրորդ դափնեկիրը Թոմ Քաթինան է, կաթոլիկ միսիոները, ով տարեկան մոտ 1000 վիրահատություն է կատարում, սպասարկելով օրական ավելի քան 400 հիվանդի: Մարդասիրական մրցանակի դափնեկրի անունը պաշտոնական միջոցառմանը հայտարարեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Մեկ շաբաթ անընդմեջ Երևանը աշխարհի ու մարդասիրության կենտրոնն էր: Բազմաթիվ միջոցառումների ավարտին հայտնի դարձավ համաշխարհային այս նախաձեռնության երկրորդ դափնեկիրի անունը:

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 28-ին հանդիսավոր կերպով մեկնարկեց «Ավրորա» մրցանակաբաշխությունը: Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը, աշխարհահռչակ երգահան և շանսոնյե Շառլ Ազնավուրը, «Ավրորա 2017» մրցանակի հավակնորդները և հյուրեր:

«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ Դափնեկիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

Այս տարի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հավակնորդները 5-ն էին։

Avrora cicernakaberd

ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից 2007 թվականին Սուդանում հաստատված կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինան միակ վիրաբույժն է Սուդանի Նուբա լեռներում, որի բնակչությունը կես միլիոնից ավելի է: Բժիշկ Թոմ Քաթինան օրական մինչև 400 հիվանդ է ընդունում, եւ շաբաթը 7 օր` օրը 24 ժամ հասանելի է հեռախոսով: Հիվանդները սովորաբար հիվանդանոց են գալիս քաղաքացիական պատերազմից տուժած ռմբակոծության հետևանքով ստացած վնասվածքներով և տարբեր հիվանդություններով, կոտրվածքներից մինչև թերսնուցում և մալարիա:

Բժիշկ Քաթինան եղել է 2016 թվականի «Ավրորա» մրցանակի հավակնորդ և համարվում է համաշխարհային բժշկության ասպարեզում նշանավոր հումանիտար գործիչ:

Որպեսզի Թոմ Քաթինան հնարավորություն ունենար Հայաստան գալու և մասնակցելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը, նրան փոխարինելու են գնացել երեք հայ բժիշկներ:

Քաթինան շնորհակալություն հայտնեց «Ավրորա»-ի կազմակերպիչներին ու հայ ժողովրդին իրեն տված ջերմության համար:

«Ամենադժվարը տեսնելն է, թե ինչպես են քո հիվանդները մահանում, դա կործանիչ ցավ է: Պատկերացրեք՝ մեկ օրվա մեջ մահանում են ձեր հիվանդներից երեքը, կամ չորսը: Այդ մարդիկ, ովքեր նման ցավ են տեսել, իդեալիստների կարիք չունեն: Նրանք մեզնից հրաշքներ չեն սպասում: Նրանք միայն կարիք ունեն մեկի, ով կնստի և կտառապի իրենց հետ… Ես իսկապես գնահատում եմ «Ավրորան» և այն, ինչ նրանք անում են, քանի որ իմ խնդիրն է՝ օգնել հանրայնացնել այն վիճակը, որում գտնվում են Նուբայի լեռների մարդիկ, ովքեր տարիներ շարունակ աննկարագրելի տառապանք են ապրում: Շնորհակալ եմ ձեզ այս հնարավորության համար»,- ասաց ամերիկացի բժիշկը:

Թոմ Քաթինան իրեն մրցանակը՝ 1 միլիոն դոլարը տրամադրելու է մարդասիրական գործունեությամբ զբաղվող երեք կազմակերպությունների: Իսկ անձնապես իրեն հասանելիք 100 հազար դոլարի պարգևը, վիրաբույժի խոսքով, ամենայն հավանականությամբ, կուղղվի 500 հազար մարդու սպասարկող իր հոսպիտալի բարեկարգմանը:

Tom Katina

«Ավրորայի» համահիմնադիր, ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը նշեց, որ երկու տարի առաջ սկսելով այս նախաձեռնությունը, իրենք երեք հիմնադիրներով խնդիր ունեին Հայաստանի անունից նոր ուղերձ հղել աշխարհին, որպես վերապրած ժողովուրդ:

«Մենք ազգ ենք, որը 20-րդ դարում մեծ տառապանք է ապրել, մենք գիտենք՝ ինչ է նշանակում ցավ ապրել, և հիմա մենք ցանկանում ենք վերադարձնել: Եվ անկախ նրանից, որ մենք ամենահարուստ երկիրը չենք, անկախ նրանից, որ շատ խնդիրներ կան, անկախ նրանից, որ բոլորս տնտեսական ու սոցիալական ծանր ճնշման տակ ենք՝ մենք կարող ենք անել դա»,- ասաց Ռուբեն Վարդանյանը:

Հույս հայտնելով, որ «Ավրորան» կդառնա հարատև մարդասիրական նախաձեռնություն: Գործարարը նաև երազանք ունի՝ Սիրիայում խաղաղության հաստատումից հետո մրցանակաբաշխությունն իրականացնել Դեր Զորի անապատում, որտեղ 100 տարի առաջ հազարավոր հայեր են սպանվել:

Մրցանակաբաշխությունից հետո դափնեկիրն ու «Ավրորայի» երեք համահիմնադիրներն առանձին հանդիպում ունեցան աշխարհի տարբեր անկյուններից ժամանած լրագրողների հետ: Նյու Յորքի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ, «Ավրորայի» հիմնադիրներից Վարդան Գրեգորյանն ասաց.

«Ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր ասում են՝ ինչու՞ այս գումարը չեք ծախսում սննդի վրա: Մենք կարող ենք կերակրել մարդկանց 2 ամիս, բայց դա չէ մեր խնդիրը: Մեր խնդիրն է՝ գործել, որպես աշխարհի բարոյական առաջնորդներ: Շնորհակալություն Ռուբեն Վարդանյանին ու Նուբար Աֆեյանին՝ անձնական մեծ ներդրում անելու համար: Նրանք կարող էին դղյակներ, ադամանդներ առնել, կամ կարող էին կազինոներ կառուցել Հայաստանում: Ես չեմ տեսել որևէ մեկին, որը կքննադատեր կազինոները: Նեղմիտ լինելու ժամանակն ավարտվել է: Միշտ լինելու են մարդիկ, որոնք քննադատելու են ամեն ինչ: Բայց ի՞նչ են նրանք առաջարկում՝ ոչինչ»,- ասաց Վարդան Գրեգորյանը:

«Ավրորայի» միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ նաև Aurora Dialogues քննարկումներ լրագրողների հետ:
Վարդան Գրեգորյանը կարծում է, որ մարդիկ իրենց օրինակով պետք է ցույց տան, որ հասարակության, մարդկության համար են: Հարցին, թե ինչ է կարծում այն մտահոգությունների մասին, որ Հայաստանը նման խնդիրներ ունենալով հանդերձ մեծ գումարներ է փոխանցում խնդիրներ ունեցող այլ երկրներին, Վարդան Գրեգորյանը պատասխանեց.

«Մենք, հայերս միշտ ազգայնացրել և սահմանափակել ենք ինքներս մեզ, պետք է միջազգային ձևով մտածել. Կոնգոյում արդեն խոսում են Հայոց ցեղասպանության մասին, զբոսաշրջիկները, ովքեր երբեք այստեղ չեն եկել, գալիս են, արտասահմանի հայերն ասում են, որ օտարները նույնիսկ ճանաչում են մեզ: Մենք սահմանափակվել ենք մեր մեջ և կարծում ենք, որ բոլորը պետք է օգնեն մեզ, բայց, նախևառաջ մենք մեզ պետք է օգնենք: Ես, որ գալիս եմ Հայաստան, տեսնում եմ կազինոները: Մեկը չի քննադատում՝ ինչու են այդքան կազինո կառուցել պալատի նման: Այո, Հայաստանն առաջադիմել է, շատ խնդիրներ էլ ունի, բայց փոխանակ կազինո կառուցեն, դրանց հիսուն տոկոսը թող գնա դպրոցներին»,- ասաց Վարդան Գրեգորյանը:

mamuli asuslis

Aurora Prize մարդասիրական մրցանակը, որը կյանքի է կոչվել Հայաստանում, թափ է հավաքում և միջազգային ասպարեզ է դուրս գալիս, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ» հետազոտության արդյունքների ամփոփման ժամանակ ասաց մրցանակի հիմնադիրներից Ռուբեն Վարդանյանը։

«Հայաստանում ծագած մրցանակն անընդհատ ընդլայնում է աշխարհագրությունը, միջազգային մակարդակ է դուրս գալիս։ Չնայած բոլոր խնդիրներին, մեր ապագան մեզանից է կախված, մեր սեփական ձեռքերում է, մենք կարող ենք ազդել դրա վրա: Թեկուզ փոքր ջանքերով, քայլերով, բայց կարող ենք հասնել տարբերության», — ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով` եթե անցած տարի առաջին մրցանակի հավակնորդների թիվը 130 էր (18 երկրից), ապա այս տարի 497 հայտերից ընտրվել է 254-ը` աշխարհի 66 երկրից։
Aurora hushahamalir
Մրցանակը կրում է հայազգի Ավրորա/Արշալույս Մարդիգանյանի անունը: 1901 թվականին ծնված Արշալույսը Հայոց ցեղասպանության վերապրած-ականատես է, «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» (անգլ.՝ Ravished Armenia. The Story of Aurora Mardiganian, the Christian Girl, Who Survived the Great Massacres (1918)) գրքի հեղինակը։ Նկարահանվել է գրքի հիման վրա նկարահանված «Հոգիների աճուրդ» կինոնկարում։

Արշալույս Մարդիգանյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Չմշկածագ գյուղում: Աղջկա 14-ը լրացավ սև 1915-ին: Դեռատի աղջնակն իր աչքերով տեսավ հոր, մոր, եղբայրների և քույրերի դաժան սպանությունը: Գաղթի ճանապարհ, առևանգում, վաճառք, հարեմային դժոխք և փախուստ հարեմից…

Ամերիկայում հանգրվանած Ավրորան 1918թ.-ին ԱՄՆ-ում հրատարակեց իր հուշագրությունը՝ «Հոշոտված Հայաստան» (Ravished Armenia) գիրքը, որի հիման վրա նույն թվականին նկարահանվեց Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը: Սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը 17-ամյա Արշալույս Մարդիգանյանն էր…

Աղունիկ Այվազյան