Այսօր Ախալքալաքում նշեցին Վրաստանի Անկախության օրը:
Ժամը մեկին Ախալքալաքի Խաս Բախչա զբոսայգում Ախալքալաքի Շրջանային ժողովի նախագահի շնորհավորանքներով սկսվեց Վրաստանի Անկախության օրվա տոնակատարությունը: Ավանդույթի համաձայն, Համլետ Մովսիսյանը շնորհավորեց բնակչությանը երկու երկրների՝ Վրաստանի և Հայաստանի անկախության օրվա առթիվ, քանի որ 2 օրից Հայաստանը նույնպես նշելու է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը:
Բացման խոսքից հետո սկսվեց Ախալքալաքի «Ջավախք», «Մուրջի» պարային համույթների համերգը, ելույթ ունեցան նաև Ախալքալաքի շրջանի գյուղերի բազմաթիվ պարային խմբեր: Ժողովրդական երգերով ելույթ ունեցան Ախալքալաքի աշուղական դպրոցի սաները:
Խաս Բախչա զբոսայգու մեկ այլ անկյունում տեղի էր ունենում Ախալքալաքի շախմատի առաջնությունը: Անցկացվեցին նաև մի շարք այլ սպորտային միջոցառումներ:
Սամցխե-Ջավախքի նահանգապետարանը Ախալքալաքում ծրագրել էր անցկացնել մի շարք միջոցառումներ, սակայն տեղի Շրջանային վարչությունում ասացին, որ այն ինչ նախատեսվում էր անցկացնել այսօր, արդեն իրականացվել է, իսկ հիմա մարզիկներն ու Շրջանային վարչության որոշ աշխատողներ Ախալցխա են մեկնելու այնտեղ մասնակցելու սպորտային միջոցառումների:
Քրիստինե Մարաբյան