Սիմոն Ծատուրյանն Ախալքալաքի շրջանի Ալաստան գյուղից այս տարի բոլորեց կյանքի 94-րդ տարին, սակայն նրա հիշողությունները պատերազմի մասին թարմ են:

1942 թվականին, 17 տարեկանում Ծատուրյան տոհմի միակ ժառանգը՝ Սիմոնը զինվորագրվում է սովետական բանակ: Նրան տանում են Բաքու, որտեղ 8 ամիս սերտում է հրետանավորի գործը:

«42 թվին հայրենիքի դրությունը ծանր էր, գերմանացին հասել էր Հյուսիսային Կովկաս: Գիշերը տրիվոգ տվին և տարան կռիվ, Լենինգրադից 20 կմ հարավ, Լենինգրադը պաշարված էր: Լենինգրադի մատույցներից սկսեցինք հասանք մինչև Գատչինա քաղաք, 1944 թվի փետրվաի 14-ին Կյոնիգզբերգի (Կալինինգրադ) պատի տակ ծանր վիրավորվեցի, երկու ամիս Վիլնույսում պառկա, 4 ամիս էլ Լենինգրադում, հետո վերադարձա տուն: Ուրեմն Լենինգրադում ընկանք պաշարման մեջ, առջևում Լենինգրադն էր, հետո գերմանացիք էին, հետո՝ մենք, հետո մեր հետևում գերմանացիք, 6 ամիս մենք մնացել ենք պաշարման մեջ: Պատերազմը սոսկալի բան է, չեմ ցանկանա ոչ մի սերնդի, ինչ էին տալիս ուտելու, վերևից բերում էին գրամով շաքար ու սուխարի, էդ էր»,- պատմում է Սիմոն պապը:

Simon

Պատերազմը տանջանք է, ոչ միայն կռվի դաշտում մարտնչողի համար, այլև նրան սպասողի: Սիմոն Ծատուրյանը մերօրյա երիտասարդության մեջ չի տեսնում այն ոգևորությունն ու հայրենասիրությունը, որով ինքը ժամանակին առաջնորդվել է:

«Էնքան ոգևորված պիտի լինես հայրենիքի համար, որ չհասկանաս մահ կա, թե՝ չէ: Նպատակը մեկն էր՝ մաքրել հողը: Հիմի չգիտեմ երիտասարդությունը զոռով բանակ չի գնում: Մեր ժամանակ ուրիշ էր»,- նշում է Սիմոն Ծատուրյանն ու հավելում, որ այսօր էլ, եթե հարկ լինի կգնա ու կպաշտպանի հայրենիքի սահմանները:

«Անցած տարի, որ ապրիլյան պատերազմը եղավ, ես պատրաստվել էի, որ գնայի, ճիշտ է չէի կարող առաջնագծում կռվել, բայց խրատ կտայի զինվորներին, ինչպես օգտագործել զենքը: Թեկուզ մի փոքր բան հայրենիքին օգնելու համար: Տնեցիք համաձայն չէին, բայց մինչև պատրաստվում էի, որ գնայի, խաբարն եկավ, որ կռիվը դադարել է»:

Caturyan Simon

Պատերազմից 73 տարի անց Սիմոն Ծատուրյանը հիշում է. «Էնքան դատարկ թնդանոթ ենք բաց թողել, մինչև նշանակետին խփելը, առնվազն 3-4 անգամ սխալ էին բաց թողնում սնարյադը: Եթե բոլոր բաց թողած սնարյադները հասնեին իրենց նպատակին, մարդ չէր մնա: Պատկերացրեք հիմա եթե պատերազմ լինի, ինչքան սոսկալի հետևանքներ կունենա: Մի հրթիռով մի քաղաք է գետնի տակն անցնում»:

94 տարեկան Սիմոն պապը վստահ է, որ մոր տված խաչի ու աղոթքների շնորհիվ է, որ կռվից կենդանի է տուն վերադարձել:

«Ես երկու քրոջ միակ եղբայրն էի, երբ բանակ տարան, մայրս շատ էր լալիս, մի խաչ հանեց վզիցս կախեց, խաչը համբուրեցի ու ասացի՝ Աստված ջան, թե պիտի հետ վերադառնամ, ոչ երեսիս հետք մնա, ոչ ոտքս կամ թևս կտրի, էդպես էլ եղավ, վիրավորվա կրծքիցս: Մորս տված խաչն ինձ պաշտպանեց, պատերազմից հետ բերեցի ու մորս հանձնեցի»,- պատմում է Սիմոն պապը:

Simon pap

Տուն վերադառնալուն պես Սիմոն Ծատուրյանն շտապում է ամուսնանալ սիրած աղջկա՝ Մանիկի հետ, ում դեռ դպրոցական տարիքից է սիրել:

«Դպրոցական տարիքից ես իրեն սիրում էի, երբ գյուղի փայտե կամրջի մոտ ինձ բանակ էին ճանապարհում, նա միջնորդի միջոցով մի թաշկինակ փոխանցեց և տեսա, որ դարձել է մի կողմ ու լալիս է: Թաշկինակը գրպանս դրեցի ու գնացի: Խնամքով պահում էի չանթայիս անկյունում, մեկ-մեկ հանում էի, ընկնում հիշողությունների գիրկը, պտտցուցի նորից հետ բերի, արդեն գույնը փոխվել էր, բայց հետ բերի ու իրեն տվի»,- պատմում է Սիմոն Ծատուրյանը:

1946 թվականին երիտասարդ Սիմոնն ու Մանիկն ընտանիք են կազմում, սիրո ու համերաշխության 70 տարի նրանք միասին են անցկացնում: Նրանք ծնունդ են տվել 2 տղայի ու 1 աղջկա, ովքեր նվիրել են նրանց 13 թոռներ: Հիմա Սիմոն պապը ապրում է որդու ընտանիքի հետ:

«Լենինգրադից գրեցի՝ թե ընկնեմ մարտում, տխուր մի մնա, սիրիր դու մեկին, անսեր մի մնա, թե դառնամ շիրմաքար օտար երկրում, պարտքս եմ կատարել, խռով մի մնա: Հետ եկա, որ իմ Մանիկը խռով չմնար: Ամուսնացանք ու միասին ապրանք 69 տարի 8 ամիս, 4 ամիս, որ ապրեր ադամանդե հարսանիք էի անելու»,- ժպիտը դեմքին պատմում է Սիմոն պապը:

Վերջինս նաև ավելացնում է, եթե կարողանա 6 տարի ապրի, ապա մեծ շուքով նշելու է 100-ամյակը: Սիմոն պապը մեզ ևս հրավիրեց իր 100-ամյակին, իսկ որպես նվեր խնդրեց մի փունջ ծաղիկ:

«Փունջմ ծաղիկ, ամեն գույնի կդնես, ամուսնուդ էլ հետդ կբերես, զույգով ավելի լավ կլինի, ցենտրալնին կարմիր կդնես, ցելոֆոնն էլ տակը կփաթաթես»…

Աղունիկ Այվազյան