Վահագն Չախալյանի պնդմամբ Կարինե Գրիգորյանի հայտարարությունը, թե իբր Չախալյանը զինված հարձակում է պատրաստում Ջավախքում իշխանության դեմ, Միխեիլ Սաակաշվիլիի հիվանդագին ցանկությունն է վերադառնալ իշխանության:

Հունվարի 13-ին վրացական և ադրբեջանական մամուլը գրեց, որ Վահագն Չախալյանը զինված հարձակում է պատրաստում իշխանության դեմ: Արդեն հունվարի 14-ին Չախալյանը հանդես եկավ հայտարարությամբ, jnews.ge լրատվականը հեռախոսազրույց ունեցավ Չախալյանի հետ:

Նախկին բանտարկյալ, քաղաքական և հասարակական գործիչ Վահագն Չախալյանը գտնվում է Հայաստանում բուժման նպատակով, վերջին անգամ Ջավախքում է եղել դեկտեմբերի կեսերին:

Նրա մեկնաբանմամբ՝ խնդիրը Սաակաշվիլու հիվանդագին ցանկությունն է վերադառնալ իշխանության, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա նա փորձում է ատելության ու ազգամիջյան բախումների միջոցով հասնել իշխանության:

Չախալյանը համոզված է, որ տարածված տեղեկատվությունը Սաակաշվիլու պատվերն է, ավելի կոնկրետ հրամանը:

-«Մենակ Սակաշվիլին ու իր շեստյորկաներն էին, որ անհամարժեք, ոչ ադեկվատ մեղադրանքներ են ներկայացնում իմ հասցեին, չգիտեմ հակապետական, հակավրացական, հակահայկական, հակակրոնական և այլ բաների մեջ մեղադրելով»,- ասաց Չախալյանը:

Միաժամանակ ավելացնելով. «Մարդիկ ատելությամբ են զինված ամբողջ Վրաստանում, որոնց Սաակաշվիլին անարդար բանտարկել, չարչարել, կախաղան է բարձրացրել»:

Չախալյանն անձամբ Կարինե Գրիգորյանին չի ճանաչում և չգիտի ինչի հիման վրա է նման հայտարարություն տարածել, ավելացնելով. «Իմ ազատ արձակվելուց հետո, Սաակաշվիլիի և Մերաբիշվիլիի սրտաճմլիկ հայտարարություններից հետո ասպարեզ եկավ հայ ազգանվամբ՝ Կարինե Գրիգորյան ֆիգուրան: Մոտենում է Եվրոպայի դատարանի վճռի կայացման ժամկետը և լավ հասկանում են, որ իրենց դիմակը պատրվում է: Սաակաշվիլին պարտավորություն ունի վերցրած (գումարային իմաստով) Ադրբեջանի, Ալիևի առաջ, որպեսզի խառնի, լարի հայ-վրացական հարաբերությունները»:

Նշենք, որ հունվարի 24-ին լրանում է Վահագն Չախալյանի ազատ արձակման երկու տարին:

Աղունիկ Այվազյան