Վրաստանի Իմերեթ մարզի և Հայաստանի մարզերի միջև համագործակցության հարցերը քննարկվել են Աջարիայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանի, Իմերեթի մարզպետ Գիվի Չիչինաձեի և Քութայիսի քաղաքապետ Շոթա Մուրգուլիայի հետ հանդիպման ժամանակ։

Աջարիայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը գործնական այցով մեկնել է Քութայիս։ Այնտեղ նա հանդիպում է ունեցել Քութայիսի (Արևմտյան Վրաստան) քաղաքապետ Շոթա Մուրգուլիայի և Իմերեթի մարզպետ Գիվի Չիչինաձեի հետ։

«Հայաստանը բարեկամ պետություն է, ես ողջունում եմ ավելի սերտ համագործակցությունը մեր երկրների ու մարզերի միջև», — ասաց Մուրգուլիան։

Նրա խոսքով` Հայաստանի հյուպատոսը խոստացել է աջակցել համագործակցության զարգացմանը, մասնավորապես շփումներ ստեղծել Հայաստանի ու Վրաստանի` մեծությամբ երկրորդ քաղաք Քութայիսի միջև։ Կողմերը քննարկել են բիզնեսի և մշակույթի ոլորտում կապերի ամրապնդման հարցը։

Այցի շրջանակում Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի թատերախումբը քութաիսցիներին ներկայացրել է «Մեղադրական եզրակացություն» ներկայացումը։

Sputnik-Armenia