Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ավագ հինգշաբթին, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի խորհրդավոր ընթրիքի հիշատակումը:
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում և Ջավախքի բոլոր եկեղեցիներում այսօր առավոտյան տեղի է ունեցել ժամերգություն և ապաշխարողաց կարգ, որին հաջորդել է Սուրբ պատարագի արարողությունը: Եկեղեցական այս ծիսակարգերի թվում` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի 12 աշակերտների ոտքերի լվացման, կատարվել է նաև Ոտնլվայի կարգ:
Արարողության ընթացքում սուրբգրային ընթերցումներից հետո Ջավախքի հոգևոր առաջնորդը Խաչով ու Ավետարանով օրհնեց խորանի վրա դրված յուղն ու ջուրը: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոնարհության օրինակով Տեր Բաբգէն վրդ Սալբիյանը ծունկի եկավ և շարականների երգեցողության ներքո լվաց ու յուղով օծեց տասներկու դպիրների ոտքերը: Արարողության ավարտին օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին:
Ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:
Ավագ Հինգշաբթին ավարտվում է Խավարման կարգով, որը հիշատակում է Տիրոջ` Հիսուս Քրիստոսի մատնությունը:
Այս տարի Սուրբ Հարության տոնը` Զատիկը կնշվի ապրիլի 16-ին: