Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Կասպար Կարապետյանը գործնական այցով եղավ Թբիլիսիում և Ջավախքում, ուր հանդիպումներ ունեցավ բարձրաստիճան պաշտոնյաների և տեղական իշխանության ներկայացուցիչների հետ: Այս առիթով զրուցեցինք նրա հետ:
-Ո՞րն է Ձեր այցի նպատակը:
Կա նախապատմություն, սա առաջին այցը չէ: Առաջին անգամ երեք տարի առաջ Թիֆլիսում հանդիպեցի եվրոպական միության ներկայացուցիչների հետ, որպեսզի քննենք և տեսնենք` ինչ մոտեցումներ ունեն եվրոպական պետությունները փոքրամասնությունների մասով, և ի՞նչ ձևով են աշխատում իրենց ներկայացուցիչները Վրաստանում: Հաջորդ քայլը եղավ եվրոպացիներին ներկայացնել խնդիրները և դժվարությունները, որ ունեն ջավախահայերը: Եվ այդ պատճառով էլ հասարակական կազմակերպությունների համակարգող Արտակ Գաբրիելյանը եղավ Բրյուսելում և հանդիպումներ ունեցավ եվրոպական խորհրդարանի մոտ 15 պատգամավորների հետ, եվրոպայի հանձնաժողովի Վրաստանի պատասխանատուի հետ, արտաքին գերատեսչության եվրոպական հանձնախմբի Վրաստանի պատասխանատուի հետ, ուր ներկայացվեց ամբողջական թղթածրար` կապված ջավախահայության իրականության հետ:
–Ի՞նչ հարցեր և հիմնախնդիրներ եք ներկայացրել Եվրոպայում:
Այդ օրերին ներկայացրինք լեզվական հարցը, որը ջավախահայության համար շատ լուրջ հարց է: Վրացերենի գիտության պակասը շրջանի մեջ շատ մեծ է, և, անշուշտ, դրա մեղավորը հայությունը չէ, իրենց ոչ ոք չի սովորեցրել վրացերեն, ուրեմն մեղքն իրենցը չէ: Այդ ուղղությամբ մենք առաջարկեցինք հայերեն լեզվին երկրորդ ադմինստրատիվ լեզվի կարգավիճակ շնորհել: Հիմնական հարցերից մեկը սա էր: Մյուս հարցը եվրոպական միության երկրներից եկած գումարների ճիշտ բաշխումն է: Այսինքն, գումարը, որը նախատեսված է Ջավախքի համար, պետք է համահավասար կերպով տեղ հասնի:
-Ինչպես հասկացանք միևնույն հարցերն եք ներկայացրել նաև Վրաստանում առաջին այցի ժամանակ, իսկ ի՞նչ հարցեր եք քննարկել այս անգամ:
Թբիլիսիում հանդիպումներ ունեցա Արտաքին գործերի և ինտեգրացիայի (Համերաշխության և քաղաքացիական հավասարության) նախարարության ներկայացուցիչների հետ: Կարևոր է երկրորդ լեզվի հարցը, դրա հետ կապված նաև այստեղ` Սակրեբուլոյի մեջ, օրինակ, պատգամավորների քանակը: Սակրեբուլոյում հայ բնակչության թվի համաձայն, վրացիների թիվը շատ ավելի մեծ է` իրենց ունեցած բնակչության համեմատ:
Լեզվական հարցի հետ կապված նկատառում կա, որ Ջավախքի մեջ չկան հարմար մարդիկ, որ պատրաստություն ունեն վրացերեն լեզվի իմացության այդ մարմինների մեջ գտնվելու համար: Դրա համար այդ երկուսը մենք իրար միացրինք: 2010-ից սկսեցին 4+1 բուհական ծրագիրը, և վրացերենի նորմալ դասավանդումը դպրոցներում, բայց տակավին 4-րդ դասարանի աշակերտներն են վրացերեն իմացողները: Առաջարկեցինք ժամանակավոր գրություն ստեղծել և ուսումնասիրություն անել, թե քանի տարի անց Ջավախքը «ինքնաբավ» կլինի վրացերեն լեզվի իմացության առումով, այսինքն` կարող ենք ասել` Ջավախքի ժողովուրդն այլևս ինքն իրեն կփրկի վրացերենով: Եվ հավասար մյուս շրջանների հետ Վրաստանում կկարողանա իր իրավունքները պաշտպանել, օրենքները հասկանալ:
-Ինչպե՞ս ընդունեցին Ձեր ներկայացրած հարցերը Կառավարությունում, պատրաստակամ են լուծելու այդ խնդիրները:
Իրենք լավ լսեցին, ճիշտ բառը սա պետք է լինի, չեմ ասում, որ խանդավառությամբ ընդունեցին, սակայն ոչ էլ հակառակը: Մինչև դեկտեմբերի սկիզբ իրենց պիտի ուղարկեմ հռչակագիրը, որտեղ առաջ քաշված խնդիրներն ու առաջարկներն ավելի հիմնավորված և գրավոր պիտի ներկայացնեմ: Խոստացան` ստանալուն պես հարցի շուրջ իրենց ուսումնասիրությունով հանդերձ փաթեթը ներկայացնել վարչապետին:
Մենք ուզում ենք, որ մեր համայնքներն ինտեգրված լինեն իրենց երկրի կյանքի մեջ, բայց ոչ ձուլվեն: Ես որքան հասկացա իրենց քաղաքականությունը ինտեգրացումն է, ինտեգրացումը ճիշտ կլինի, եթե մեր առաջարկած ձևը գործածվի: -Անշուշտ հասկանալի է. մինչև իրագործելը հսկա ճանապարհ կա: Կլինեն մարդիկ, որ պոպուլիզմով կզբաղվեն և իրենց շահերի համար կօգտագործեն երրորդ ուժեր, շատ անգամ եկեղեցական կրոնամոլությունը ժխտական դեր կխաղա իր բացասական արտահայտություններով: Երբեմն, դժբախտաբար վրաց եկեղեցականներն էլ ծայրահեղ դիրքավորումներ ուենեն հայերի հանդեպ: Այս բոլորն, անշուշտ, պետությունը պետք է նկատի ունենա: Պետություն, որն ունի կազմավորված ծրագիր, ունի քաղաքական կամք առաջ գնալու, այս բոլորին կարող է դիմագրավել:
-Վերոնշյալ հարցերից բացի, էլ ի՞նչ խնդիրներ քննարկվեցին:
Վիզաների հարցը: Ջավախահայերը, որ գործի պատճառով, հայկական կամ այլ քաղաքացիություն են ստացել, հիմա մեծ դժվարություններ ունեն: Լուծում առաջարկեցի. օրինակ, անձը, ով ծնվել և ապրել է Ջավախքում, սակայն ստիպած գնացել է աշխատելու, այս մարդկանց հատուկ կարգավիճակ տրվի, այն անձերի, որոնց տվյալներն իրենք ունեն:
Գյուղատնտեսության հետ կապված խնդիրները: Պետք է պետությունն ստեղծի մի այնպիսի համակարգ, որ գյուղացին տարեկան գոնե մինիմում եկամուտ ունենա:
Շատ կարևոր է ուսուցիչների հարցը: Սովետական ժամանակներում պատրաստված ուսուցիչներն արդեն թոշակառու են, նոր և իրենց փոխարինող լավ պատրաստված ուսուցիչներ չկան: Եթե պիտի ունենանք դպրոցներ, շենքեր, աշակերտներ և աշխարհի ամենալավ գրքերը, բայց դրանք ուսուցանող չունենանք, ուրեմն ամեն ինչ զրոյի է հավասար է:
Աղունիկ Այվազյան