Հայ եկեղեցու ծիսակարգի համաձայն, այսօր Մեծ պահքի 5-րդ կիրակին է՝ Դատավորի Կիրակին:
Այս տարի փետրվարի 26-ին եկեղեցական օրացույցով նշվեց Բուն բարեկենդանի օրը: Հաջորդ օրվանից սկսվեց Մեծ պահքի շրջանը: Այն տևում է 40 օր: Սակայն քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ պատճառով քառասնօրյա կոչվող պահքը իրականում 48 օր է տևում:
Մեծ պահոց շրջանի գրեթե բոլոր կիրակիներին, ըստ հայոց տոնացույցի, ավետարանական առակներ են ընթերցվում, որոնք քրիստոնյայի համար զարթուցիչ կոչանակի դեր պիտի կատարեն: Այս շրջանում է, որ ամեն մեկը պետք է սովորի մեղքից հեռանալ ու մաքրվել, զղջումով ու ապաշխարությամբ:
«Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել այդ կիրակիները։ Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուսը անապատում քառասուն օր փորձվեց սատանայից:Չկերավ ու չխմեց այն օրերին»,- բացատրեց Տեր Եղիշե Ավագ քահանա Հարությունյանը:
Մեծ պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:
«Պահքերի նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: «Բարեկենդան» նշանակում է բարի կենդանություն, կամ բարի կյանք, աշխարհիկ իմաստով՝ ուրախություն, իսկ կրոնական իմաստով՝ երանական վիճակ, որը հիշատակում է դրախտում առաջին մարդկանց երանելի վիճակը»,- ասաց Տեր Եղիշե Ավագ քահանա Հարությունյանը:
Արտաքսման կիրակին՝ Ադամի ու Եվայի դրախտից արտաքսումն է։ Սակայն մարդկության համար Քրիստոսը բացեց փրկության ճանապարհ և ապաշխարությամբ տրվեց կրկին դրախտային երանության արժանանալու հույսը։
Անառակի կիրակին իր մեջ կրում է Անառակ որդու առաակի իմաստը։ Աստված միշտ էլ սպասում է զղջացողների դարձին, քանի որ նա մեղավորների մահ չի ցանկանում, այլ բոլորի փրկությունը։
Յուրաքանչյուր ոք Աստծո կողմից նշանակված տնտես է և պետք է իմաստալից տնօրինի իր տնտեսությունը՝ կյանքը, միտքը, շնորհները, իմանալով, որ մի օր Այդ ամենի համար պետք է հաշիվ տա։
Տնտեսի կիրակիից հետո, Մեծ Պահքի 24-րդ օրը կոչվում է Միջինք, որը նշանակում է, որ Մեծ Պահքը հասել է իր կեսին։
«Անիրավ դատավորի կիրակին աղոթքի մեջ հարատևելու խորհուրդ ունի, անձանձրույթ, առանց հուսահատվելու Աստծուն դիմելու՝ վստահ լինելով, որ նա լսում է և կպատասխանի մեր աղոթքներին, եթե դրանք իր կամքի համաձայն են։ Եթե հիշվող առակի դատավորը, որ անիրավ էր, ստիպված եղավ ականջալուր լինելու և տեղի տալու կնոջ թախանձանքներին, ուրեմն որքան առավել կլսի մեզ, մեր երկնավոր Հայրը՝ մեր երկնավոր Դատավորը, Նա ով միշտ իրավացի է, արդար ու հավիտենական բարի»,- ասում է Տեր Եղիշե Ավագ քահանա Հարությունյան։
Մեծ պահքի վերջին կիրակին կոչվում է Գալստյան, որը հիշեցնում է Փրկչի թե առաջին և թե երկրորդ գալուստները։ Առաջինով, այսինքն՝ Աստվածահայտնությամբ, մարդուն հնարավորություն տրվեց փրկությանն արժանանալու։
Յոթերորդ կիրակի օրը նշվում է Ծաղկազարդի տոնը, որը Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտք գործելու հիշատակին է։
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ, Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և, ի վերջո, հրաշափառ Հարությունը` Սուրբ Զատիկը:
Ջուլիետա Տոնականյան